Պատերազմի երկրորդ տարելիցին՝ լռության րոպե և քայլերթ Ստեփանակերտում

ՆՆարեկ Սահակյան

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց արցախցիներն այսօր խաչերթով շարժվել են դեպի հուշահամալիր: Մարդկանց ձեռքերում պատերազմում զոհված տղաների լուսանկարներն են: 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Արցախը դիմադրել է ադրբեջանա-թուրքական տանդեմին՝ ցավոք բազում զոհերի գնով:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան- Փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրել ենք 81 քաղաքացիական անձանց սպանություն, 163 անձի վիրավորում, միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ 18 քաղաքացիական անձանց վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չունենք, այսինքն՝ նրանք համարվում են անհետ կորածներ:

Ժամը 11.00-ին Արցախում հայտարարված էր լռության րոպե՝ ի հիշատակ երկրի պաշտպանության համար ընկածների: Հետիոտն թե վարորդ, դպրոցական թե զինվորական՝ բոլորը մեկ մարդու պես կանգնել էին քաղաքի փողոցներում՝ հարգելու հերոսների հիշատակը:

«ԼՈՒՍՈ ԽՈՐԱՆ»՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԸՆԿԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ

44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ` ավարտուն տեսքի է բերվել Ստեփանակերտի զինվորական պանթեոնը: «Լուսո խորան» հուշակոթողն ամբողջացնում է 44 օր Արցախի համար պայքարած ու կյանքի գնով երկրի անվտանգությունն ապահոված տղաների հիշատակը:

«Բայց այստեղ սգալու փոխարեն պետք է հպարտանալ»,- ասում է զոհված ժամկետային զինծառայող Արամ Ասրյանի հայրն ու համախմբման կոչ անում:

Արթուր Ասրյան (Արամ Ասրյանի հայրը- Կոչ եմ անում բոլորիդ, հանուն բոլոր պատերազմներում անմահացած հերոսամարտիկների, համախմբվել, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, հայացքները և օգտագործել յուրաքանչյուրիս պետականանպաստ պոտենցիալը՝ հանուն մեր հայրենիքի, հանուն Արցախի:

2020-ի պատերազմը մեզնից խլել է լավագույններին: Կարեն Ասրյանը զոհվել է պատերազմի վերջին օրը՝ Շուշիի համար մարտերում: Տանկիստ փոխգնդապետն ուղիղ 44 օր մարտնչել է պաշտպանության բնագծի տարբեր հատվածներում ու ընկել հերոսաբար:

Մուրադ Ասրյան (Կարեն Ասրյանի հայրը- Անկախ նրա զբաղեցրած պաշտոններից, վկան նրա զինակից ընկերներն են, իրեն դրսևորել է վերին աստիճանի ընկերասեր, իր զինվորական գործին նվիրված, և տղերքը մեկը մյուսին հետևից ասում են, որ անում էր այն ամենը, որ յուրաքանչյուր գործողության դեպքում իր զինտեխնիկան առաջիններից մեկը լինի, մյուսների համար էլ օրինակ հանդիսանա:

Զինվորական պանթեոնում բացված խորանը նմանվում է կիսավեր մատուռի: Ճարտարապետի խոսքով՝ այն հետագայում կարող է մատուռի մի մասը դառնալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում