Մեր երկրում սպառվող թռչնամսի զգալի մասը ներկրվում է. Հայաստանը շուտով տոհմային ֆաբրիկա կունենա

ՎՎահե Կոստանդյան

Հայաստանի կառավարության, Նիդերլանդների ու մեր երկրի Թռչնաբույծների միությունների ջանքերով Հայաստանը ևս կունենա թռչնի տոհմային ֆաբրիկա: Հերթական անգամ Հայաստան են ժամանել նիդերլանդական 6 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք պատրաստակամ են տոհմային տնտեսություն ստեղծելու հարցում նորագույն տեխնոլոգիաներով աջակցել հայ թռչնաբույծներին:

Մորիս Քերենս (Նիդերլանդների առևտրի աջակցության կազմակերպության տնօրեն- Մենք տեսնում ենք, որ հայկական կողմի առաջարկները լիովին իրագործելի են, միասին համագործակցելով, իհարկե, Հայաստանը կարող է այս ոլորտում լավ արդյունքներ ապահովել:

Նիկոլաս Սխերմերս (Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան) - Մենք ոչ միայն հետաքրքրված ենք Հայաստանի թռչնաբուծության զարգացմամբ, այլև կարտոֆիլաբուծությամբ, ջերմոցային տնտեսություններով, լոգիստիկ ցանցերով: Հայաստանը լայն հնարավորություններ ունի, սակայն անհրաժեշտ է դրանք ճիշտ օգտագործել:

Եթե ձվի արտադրության ծավալներով Հայաստանը համարվում է ինքնաբավ, դեռ որոշ տարիների նույնիսկ արտահանվում է, ապա թռչնամսի հարցում պատկերը նույնը չէ: Տարեկան օգտագործվող մոտ 53 հազար տոննա թռչնամսի զգալի մասը դեռ ներկրվում է: Ոլորտը զարգանալու տեղ ունի՝ վստահ են մասնագետները:

Ռազմիկ Բլիքյան («Բրոյլեր» հոլդինգի հիմնադիր տնօրեն) - Հայաստանի Հանրապետությունը 80 տոկոս ներկրում է միսը, իսկ 20 տոկոսը արտադրում են. դրանով չեն ապահովում երկրի պարենային անվտանգությունը:

Խնդրի լուծման միակ տարբերակը թռչնի մայրական կազմի տոհմային ֆաբրիկա ունենալն է՝ ասում են մասնագետները: Բրոյլերի տոհմային տնտեսության համար կպահանջվի 5 միլիոն եվրո գումար: Այն կկառուցվի կառավարության, թռչնաբույծների ու նիդերլանդական կողմի եռակողմ համագործակցությամբ:

Սերգեյ Ստեփանյան (Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ) - Ամբողջ շինարարական կողմը, մինչև հանձնելը, հոլանդական կողմը պարտավորվել է, որ ինքը կազմակերպի այդ աշխատանքները, մյուս կողմը` պետությունը, համաձայնել է, որ մինչև 40 տոկոսը ծրագրի համաֆինանսավորում կազմակերպի:

Արագածոտն, Տավուշ, Լոռի՝ Կառավարությունն առաջարկել է տոհմային տնտեսությունը կառուցել երեք մարզերից մեկում: Հիմա ուսումնասիրում են տարածքները:

Սերգեյ Ստեփանյան - Մոտավորապես 6 հեկտար՝ աճեցման մատղաշը առանձին, ածան հավերինը՝ մայրական կազմը առանձին` իր կերի արտադրամասով: Եվ, ամենակարևորը, գենետիկ կենտրոնը` ինկուբատորային արտադրամաս, լաբորատորիաներ:

Տոհմային տնտեսությունը կունենա նաև կադրերի վերապատրաստման կենտրոն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում