«Տիեզերական ճամբար 2022»-ը՝ Դիլիջանում

ԳԳայանե Թամամյան

Քիչ առաջ պատրաստված այս փոքրիկ հրթիռի առաջին ուղևորը ծաղիկն է:

Լիանա Ստեփանյան (Երևանի բնակիչ) - Մենք ընտրել ենք ծաղիկ, որ մեր տիեզերագնացն է: Սկզբում երեքնուկն էր, ցավոք, չդիմացավ փորձություններին:

Բացօթյա ընդարձակ այս աշխատանոցում 15-18 տարեկան ճամբարականները՝ մոլորակների անուններով առանձնացած թիմերով, նրանց խոսքով, տիեզերական ընկերներով, իրենց հրթիռն են պատրաստում:

Տիգրան Հարությունյան (Գորիսի բնակիչ) - Հրթիռ սարքելիս մտածում էի, որ մի օր ապագայում ես կսարքեմ իմ սեփական հրթիռը և կթռցնեմ տիեզերք հենց Հայաստանից:

«Տիեզերական ճամբար-2022»-ը այս ամռանը բանակել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և «ԱՅԱՍ» տիեզերագիտության ընկերության, «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հետ գործակցությամբ արդեն 2-րդ ամառը տիեզերքով լրջորեն հետաքրքրված պատանիներին և աղջիկներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հրթիռաշինության, տիեզերագնացության ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներին:

Գիտակրթական այս ճամբարի մասնակիցները՝ Հայաստանի մարզերից և Սփյուռքից, ընտրվել են մրցույթով, հազար հայտից՝ 100-ը: Ճամբարում տեսածից և լսածից նախարար Ռոբերտ Խաչատրյանը տպավորված էր:

Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Մեր բոլոր սպասելիքները «Տիեզերական ճամբարից» արդարացված են, կարող ենք վստահ համարել, որ «Տիեզերական ճամբարը» կայացել է: Իրականում մենք չէինք սպասում, որ նման հետաքրքրություն կառաջանա երեխաների կողմից: Սա մեզ ցույց տվեց, որ հաջորդ տարի պետք է ավելի շատ տեղ նախատեսել:

Ճամբարային 7 օրերը հագեցած էին տիեզերագիտության մասին դասախոսություններով, գործնական պարապմունքներով, զուգակցված՝ մարզական, մշակութային տարբեր միջոցառումներով, իսկ ուշ երեկոյան՝ աստղերի դիտումներով:

Ճամբարը օգնել է Ռուզաննայի մասնագիտական կողմնորոշմանը:

Ռուզաննա Վարդապետյան (Երևանի բնակիչ) - Ինձ հետաքրքրում է տիեզերական սարքավորումների ստեղծումը, և ուզում եմ խորանալ էդ ոլորտում:

Դավիթի ապագայի ծրագրերը կապված են տիեզերքի հետ:

Դավիթ Հարությունյան (Երևանի բնակիչ) - Այս ճամբարը շատ մեծ հնարավորություններ կտա հետագայում տիեզերքի ոլորտով զբաղվելու համար:

Ճամբարականների հետ հանդիպմանը նախարարը պատասխանեց ոլորտին առնչվող նրանց ամենատարբեր հարցերի: Իսկ Ավստրալիայից ընտանիքով Հայաստան տեղափոխված Ալեք Սիմոնյանը հաճելիորեն զարմացրեց տիեզերական թեմայով իր ներկայացրած գիտական նոր մոտեցումներով: Նախարարի խոսքով՝ այս ամենը հույս է ներշնչում, որ ճիշտ ուղղությամբ են գնում:

Ռոբերտ Խաչատրյան - Ճիշտ ոլորտներից մեկն ենք ընտրել զարգացնելու համար, և մեր մյուս ծրագրերը, որ նախարարությունը իրականացնում է, ևս միտված են տիեզերական ոլորտի զարգացմանը: Վերջերս, գիտեք, Հայաստանը ունեցավ իր առաջին արբանյակը, փորձելու ենք հնարավորինս տեղայնացնել արտադրությունը, պրոցեսները արդեն սկսվել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում