«Էջմիածնի երիտասարդների տուն» նորաբաց կենտրոն՝ համայնքի և հարակից բնակավայրերի համար

ՀՀայկուշ Ասլանյան

Վայր, որտեղ վերապատրաստված մասնագետները կներդնեն քաղաքացիական հասարակության ձևավորման ծիլերը: Այս ցանկությամբ ու հավատով են Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն ու Ճապոնիայի կառավարությունը համատեղ ուժերով «Երիտասարդների տուն» անունը ստացած կենտրոն հիմնել Էջմիածնի և հարակից համայնքների պատանիների և երիտասարդների համար:

Արթուր Նաջարյան (Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ) - Նպատակն է ունենալ ինքնուրույն, ինքնավստահ, անձի զարգացումը կարևորող, քաղաքացիական ակտիվություն ունեցող պատանիներ, ովքեր կներգրավվեն նաև համայնքային զարգացման որոշումներոմ: Նաև կկարողանան աջակցել համայնքի բարեկեցությանը:

13-18 տարեկան պատանիներն ու երիտասարդները այստեղ նոր հմտություններ կզարգացնեն, կտիրապետեն ինքնակառավարման ու ինքնարտահայտման արվեստին, կհմտանան կենցաղավարման, մասնավորապես՝ խոհանոցային գործում: Կսովորեն լեզուներ, այդ թվում՝ թուրքերեն: Ապագա դիվանագետ Տիգրանին այստեղ հենց թուրքերեն սովորելու հեռանկարն է բերել:

Տիգրան Մանուկյան (Էջմիածնի 4-րդ դպրոց, 9-րդ դասարան) - Կարծում եմ՝ Հայաստանը լավ դիվանագետների կարիք ունի, և միջազգային հարաբերությունների տարբեր հարթակներում անհրաժեշտ են լավ ներկայացուցիչներ, ովքեր լավ կներկայացնեն երկիրը:

Կրթությունը երկրի զարգացման հիմնաքարն է, իսկ երեխաները՝ գանձեր, որոնք հղկվում են այսպիսի կենտրոններում: Այս տրամաբանությամբ է Ճապոնիայի կառավարությունը ֆինանսավորել ծրագիրը:

Ռիկա Օնոդերա (ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար) - Ճապոնիայի կառավարության համար անվտանգությունն ու կրթությունը առաջնահերթություններից են: Այդ պատճառով մենք շատ երջանիկ ենք, որ Հայաստանում նմանատիպ ծրագիր իրականացրեցինք, որի շրջանակում դեռահասներն ու պատանիները կլինեն անվտանգ, ապահով և կրթված:

Երիտասարդական կենտրոնը ոչ ֆորմալ կրթություն ստանալու հարթակ է, որտեղ երեխաները սովորելու են աշխատել թիմով և ձեռք են բերելու 21-րդ դարի հմտություններ:

Քրիսթինե Վայգանդ (Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ) - Կենտրոնի հիմքում ներառականությունն է. այստեղ են հաճախելու նաև Արցախից տեղահանված երեխաներ: Էջմիածինն ընտրելով՝ հաշվի ենք առել այս բնակավայրում տեղահանված ընտանիքների թիվն ու պատասխանատվությունը իր վրա վերցնելու համայնքի պատրաստակամությունը:

Կենտրոնի հիմնադրման գործում մեծ է եղել նաև Վաղարշապատի համայնքապետարանի դերը: Ղեկավարությունը ոչ միայն տարածքն է հատկացրել, այլև մասնակցել է մասնաշենքի վերանորոգման ու կահավորման աշխատանքներին: Առաջիկա 5 տարում էլ, ավագանու որոշմամբ, համայնքապետարանը կստանձնի շենքի պահպանման ծախսերը մարելու պարտավորությունը, նաև կվճարի աշխատավարձերը: Դիանա Գասպարյանն ուրախ է, որ կենտրոնի ներդրմամբ հնարավոր կլինի մասամբ կանխել երիտասարդների արտահոսքը մայրաքաղաք:

Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Կարծում եմ՝ նման ձևով կկապենք երեխաներին համայնքին: Բացի կրթականից, նման կենտրոնները նաև կոմունիկացիոն հարց են լուծում, երեխաները հավաքվում են, իրար են ճանաչում, մտքեր գեներացնում: Ունենք օրինակներ այլ կենտրոններից, որտեղ երեխաները դրամաշնորհային ծրագրեր են շահել համայնքի համար: Երեխան գիտակցում է, որ բացի իր «ես»-ից ու ընտանիքից, կա նաև համայնք, որին պետք է պիտանի լինի:

Երիտասարդական տուն բացվեց նաև Արմավիր քաղաքում: Մինչև տարեվերջ նմանատիպ մի կենտրոն էլ Գավառը կունենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում