Գործադիրի որոշմամբ 851 միլիոն դրամ կուղղվի 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանը և կառուցմանը

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում և բուժհաստատությունների կառուցման, վերակառուցման համար առողջապահության նախարարությանը հատկացրեց 851 միլիոն դրամ:

«Հատկացված գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանը, կառուցմանը, ինչպես նաև մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այսպես, կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Արմավիրի մարզի Վաղարշապատի և Արագածոտնի մարզի Աշտարակի բուժհաստատությունները, Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիրի և Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր:

Բացի դրանից՝ կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը:

Նախարարը նշեց, որ շինարարական եղած տեմպը պահպանելու դեպքում Կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 բժշկական կենտրոնների ամբողջական վերակառուցման, վերազինման խոստումը հաջողությամբ իրականացվելու է:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ նշեց, որ Կառավարությունը, առողջապահական համակարգի զարգացման շրջանակում, հանձն է առել կարգավորել բժշկական կենտրոնների կառուցման/վերակառուցման, ֆիզիկական պայմանների բարելավման և ամբողջությամբ նոր, ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: «Այս պահին ևս ունենք մի շարք բժշկական կենտրոններ, որոնք գտնվում են շինարարական փուլում. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Մասիս և Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերակառուցման է ենթարկվում հանրապետական նշանակության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը»:

Սույն որոշմամբ փաստացի սկիզբ ենք դնում 2 բժշկական կենտրոնների նոր համալիրների ամբողջությամբ նոր կառուցման և 4 բժշկական կազմակերպությունների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներին, և փաստացի կունենանք 13 բժշկական կազմակերպություն, որոնք կլինեն միաժամանակ կառուցման և վերակառուցման փուլում:

Ինչպես նշվեց, նախագծերում նաև ներառված է ժամանակակից սարքավորումներով վերազինման հարցը: Բացի այս ծրագրից, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է Կառավարության կողմից, ունենք նաև այլ ծրագիր, որը թիրախավորում է համայնքային ենթակայության տակ գտնվող ամբուլատորիաները, և սուբվենցիաների հայտերի միջոցով փորձում ենք այդ հարցը լուծել»,-նշեց փոխվարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում