Միասնական սոցիալական ծառայության կենտրոն՝ Ստեփանավանում

ԱԱրևիկ Աբելյան

Կենսաթոշակների, նպաստների նշանակում և տրամադրում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում և այլն...

Ստեփանավան խոշորացված համայնքի բնակիչները սոցիալական բոլոր ծառայություններից կօգտվեն մեկ պատուհանի սկզբունքով։ Ստեփանավանում բացվել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Լոռու մարզում այսօր բացվում է Միասնական սոցիալական ծառայության հերթական տարածքային կենտրոնը, ինչի առիթով շնորհավորում եմ Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչներին: Վստահ եմ, տարածաշրջանի բնակիչների համար «մեկ պատուհան» սկզբունքով սպասարկումը շատ հարմարավետ կլինի: Բացի դրանից՝ նման հարմարավետ և բարեկեցիկ պայմաններում քաղաքացիների սպասարկումը ևս դրական արդյունք կունենա:

Նախկինում քաղաքացին սոցիալական ծառայությունների համար դիմում էր տարբեր գերատեսչությունների, հիմա մեկ կետից կարող է ստանալ բոլոր հարցերի պատասխանները՝ խնայելով և՛ ժամանակը, և՛ նյարդերը:

Գայանե Նալբանդյան (Ստեփանավան խոշորացված համայնքի Ամրակից գյուղի բնակիչ) - Հաճելի է շատ նման պայմաններում գալ մեր գործը անելու։ Առաջ ավելի դժվար էր, տեղից տեղ էինք գնում, և աշխատողների համար ոչ մի հարմարություն չկար, իսկ հիմա ամեն ինչ շատ լավ է, և մեր մի քանի գործ կարողանում ենք մի տեղ անել։

Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի կառուցումն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի գործակցությամբ, հատկացվել է մոտ 295 մլն դրամ:

Անժելա Գրիգորյան (Ստեփանավանի Միասնական սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն) - Տարածքային կենտրոնը կառուցվել է զրոյական վիճակից։ Միացել են նախարարության ենթակա 4 կառույց։ Դա սոցիալական ապահովության բաժինն է, սոցիալական աջակցության, զբաղվածության բաժինը, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը։ Քաղաքացին միանգամից կարող է այստեղ սպառիչ պատասխան ստանալ 4 բաժնի կողմից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ միասնական համակարգի միջոցով ապահովվում է շահառուների կարիքների ճիշտ գնահատումն ու բարելավվում է քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունը, ըստ էության, էլ ավելի արդյունավետ և ավելի հասցեական և ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Արդեն իսկ աշխատանքները՝ մեկ տարվա և ավել, որ ամփոփում ենք, ունենք հստակ պատկեր, որ էականորեն բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։

Բացի շենքային պայմաններից կարևորվում է նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացումը: Այդ նպատակով Համաշխարհային բանկի աջակցությամբ վերապատրաստվում են նաև կենտրոնների աշխատակիցները:

Նարեկ Մկրտչյան - Մեր որոշումները, մեր մշակած քաղաքականությունը նպատակին չեն ծառայի, եթե միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները պատրաստ չլինեն դրան և չհամագործակցեն համայնքային իշխանությունների հետ, համայնքային սոցիալական ծառայողների հետ։ Հետևաբար մենք փորձելու ենք դարձնել միասնական սոցիալական ծառայությունը համայնքում գործող կենդանի օրգանիզմ, որը համահունչ կլինի համայնքի կարիքներին և այդ կարիքների արագ արձագանքման կարևոր միասնական սոցիալական ծառայության կենտրոն կլինի։

Հիմա հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոն: Նախարարը հույս է հայտնում, որ մինչև տարեվերջ կենտրոնների թիվը կավելանա:

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում