ՀՀ-ն մշակում է փախստականներին ու ներգաղթյալներին վերաբերող օրենսդրական նոր փաթեթ

ՄՄուշեղ Իսախանյան

Մարդու իրավունքներ ու պաշտպանություն՝ սրանք այն դրույթներն են, որոնք պետք է չշրջանցեն ոչ մեկին, այդ թվում՝ միջազգային պաշտպանություն հայցող անձանց՝ փախստականներին ու ներգաղթյալներին: Մեր երկրում միգրացիոն ոլորտում համալիր օրենսդրական փոփոխություններ վերջին անգամ 2008-ին են եղել:

Հիմա, հաշվի առնելով նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի օրակարգային կետերը, Հայաստանը պետք է օրենսդրական նոր փաթեթ մշակի: Դա նաև Կառավարության գործունեության ծրագրի բաղկացուցիչ մաս է:

Արմեն Ղազարյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ) - Ներկայումս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տեխնիկական օժանդակությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկել ենք այս ծրագիրը, ձևավորվում է աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնց մեջ կդրսևորվի ապաստանի ոլորտի վերջին տարիների զարգացումները:

Ղազարյանը գործող օրենքի բացերն է մատնանշում. Հայաստանում, բացի ապաստանի տրամադրումից, այլ օժանդակ պաշտպանության միջոցներ առկա չեն, ծանուցումների, մարդկանց տվյալների հավաքագրման, փաստաթղթերի ճանաչելիության հետ կապված ընթացակարգային խնդիրներ կան: Փաթեթի մշակման հարցում մեծ է նաև ՄԱԿ-ի Փախստականների գործակալության դերը: Կան բարեփոխումների կարիք ունեցող հարցեր:

Անդրեյ Արյուպին (ՀՀ-ում ՄԱԿ-ի ՓԳՀ միջազգային պաշտպանության ղեկավար) - Մեկն առնչվում է ապաստանի դիմումների թվային լուծումների ներդրմանը, մեկ այլ կարևոր հարց է դատարանների, Միգրացիոն ծառայության ընդունած որոշումների թարգմանությունը, քանի որ դեռևս խնդիրներ կան՝ Հայաստանում այնքան էլ չհանդիպող, ավելի բարդ լեզուների հստակ թարգմանության հետ կապված: Կառանձնացնեմ նաև դատավորների ենթամասնագիտացման հարցը, քանի որ, ինչպես գիտենք, ներկայում ապաստանի հայցեր կան, որոնց քննությունը դատարաններում բավականին երկար է տևում, անգամ տարիներ:

Բարեփոխումների փաթեթը կազմելու, խնդիրները վերհանելու ու լուծումներ գտնելու հարցում ԵՄ-ն ինստիտուցիոնալ, տեխնիկական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերի՝ Միության դիրքորոշումը ներկայացրեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Նրա խոսքով՝ պաշտպանություն հայցող անձինք նախևառաջ պետք է հասանելիություն ունենան առողջապահական հիմնական ծառայություններին:

Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Հապաղելու ժամանակ չկա, մենք պետք է տեսնենք, որ ներգաղթյալներն ու փախստականները իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորություն ունեն, և պետք է լինի նրանց պահանջները լսելի դարձնելու թափանցիկ, պարզ իրավական ընթացակարգ:

Օրենսդրական փոփոխությունները մշակող աշխատանքային խումբն այսօր ձևավորվեց: Պետական մի շարք գերատեսչություններ՝ միջազգային գործընկերների ու քաղհասարակության հետ, երկու տարի ժամանակ ունեն փաթեթը կազմելու և Կառավարությանը ներկայացնելու համար:

2022-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան ստանալու հայց է ներկայացրել 364 օտարերկրացի, որոնցից միայն 240-ը՝ Ուկրաինայից: Հոսք կա նաև Կուբայից, Իրանից, Իրաքից:

Նախորդ ամբողջ տարվա հայցադիմումների թիվը 260 է եղել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում