Փորձագետները խոսքի ազատության սահմանափակման վտանգ են տեսնում դատախազության առաջարկում
Ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, Հայաստանում արգելված նյութերի, թմրամիջոցների գովազդ կամ վաճառք, հափշտակություններ. սրանք առցանց հարթակում տարածված հանցավոր արաքների մի մասն են, որոնք կանխելու համար գլխավոր դատախազությունը առաջարկում է գտնել իրավական կարգավորումներ, և այդ նպատակով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Կառավարություն:
Գոռ Աբրահամյան (ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական) - Օրինակ՝ մենք ունենք գործեր, պետք է նշեմ, որ գլխավոր դատախազը նույնպես 2021 թվականի դատախազության գործունեությունը ԱԺ-ում ներկայացնելիս, հատուկ դրան անդրադաձ կատարեց. խոսքը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, և վերջին շրջանում քրեական բազմաթիվ գործեր են քննվում, որոնցում համացանցային տեղեկատվական ռեսուրսների ազդեցությունը կամ օգտագործումը անասելի չափերի են հասել:
Դատախազությունը դիտարկել է նաև միջազգային փորձը, օրինակ՝ Գերմանիայում օրենքով ամրագրված է՝ նման դեպքերում դիմել սոցցանցերի ղեկավարությանը՝ կոնտենտը արգելափակելու համար, հակառակ դեպքում տուգանվում է հարթակ տրամադրողը՝ 5 միլիոնից 50 մլն եվրոյով:
Գոռ Աբրահամյան - Մենք ոչ թե ուզում ենք վերահսկել ազատ խոսքը, կարծիքը, մեկնաբանությունը, այլ ուզում ենք թույլ չտալ այն կոնտենտի տարածումը, որը հանցագործության տարր է պարունակում:
Խնդիրը իրականում կա, հանցագործություններն էլ աճել են, բայց, փորձագիտական հանրությունը պայքարի մեթոդների ընտրության հարցում խնդիրներ է տեսնում:
Արթուր Պապյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Երբ խոսք է լինում ինչ-որ բան կանխելու մասին, մենք իրավական խնդրի ենք բախվում, որովհետև մենք կարծես խախտում ենք անմեղության կանխավարկածը: Չի կարելի կանխել հանցագործություն, եթե դա չի կատարվել, և ավելին՝ քանի որ մենք գործ ունենք ինտերնետ տիրույթի հետ, նման մտքերը կարող են բավական վտանգավոր արարքների հանգեցնել:
Հայաստանում առցանց հարթակը ազատներից է համարվում՝ ասում է Արթուր Պապյանը, և երբ փորձենք դա սահմանափակել, շատ ընկերություններ դուրս կգան հայկական շուկայից: Հավելում է՝ դատախազությանը կամ այլ պատկան մարմիններին ոչինչ չի խանգարում հետապնդել, գտնել ու պատասխանատվության ենթարկել հանցագործներին, բայց դա չանել խոսքի ազատության սահմանափակման հաշվին:
Արթուր Պապյան - Ելնելով հայաստանյան իրավիճակից՝ մենք կարծում ենք, որ ստեղծելու դեպքում նման հարթակը կարող է չարաշահվել, օգտագործվել ընդդիմախոսների դեմ, օգտագործել քննադատների դեմ: Դա վատ կազդի երկրի տնտեսության, երկրի վարկանիշի վրա, քննադատության կարժանանա: Իմ կարծիքով՝ բոլորովին նպատակահարմար չէ այդ ճանապարհով գնալը:
Պապյանը վստահ է՝ նման մեխանիզմների ներդրումը արդյունավետ չի լինի հակառակորդների կիբեռհարձակումների կամ ֆիշինգի դեմ պայքարելու համար, քանի որ դրանք հիմնականում առանց անձի նույնականացման են արվում:
Մասնագետն առաջարկում է նոր կարգավորում մշակելու փոխարեն զարգացնել իրավապահ համակարգի՝ կիբեռհանցագործության դեմ պայքարի բաժինները: Գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ դատախազությունը կոնկրետ մոդել չի ներկայացրել, բարձրաձայնել է խնդրի մասին՝ ակնկալելով նմանատիպ հանցագործությունները կանխելու ընդունելի տարբերակների քննարկում:













