Զարգացման կենտրոններ՝ Սյունիքի մարզի գյուղերի համար

ՄՄուշեղ Իսախանյան

Այս գունավոր ու նորարարական սենյակի հեղինակները Դավիթ Բեկ գյուղի երեխաներն են: Նման զարգացման կենտրոնի բացակայությունը զգացել, դիմել են Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական խմբին: Հատկացված 70 հազար դոլարով մեկ տարի անց ամբողջովին կահավորված կենտրոնը պատրաստ է ընդունելու դավիթբեկցիներին:

Ռուզաննա Գրիգորյան - Դե, առաջարկեցինք համակարգիչներ՝ ռոբոտաշինություն սովորելու համար, երեխաների մի մասը ցանկանում էր նկարել սովորել, կիթառ նվագել սովորել:

Սենյակն ամբողջովին պատրաստ է, բայց այս պահին դեռ չի շահագործվում՝ զարգացման կենտրոնը չունի պատասխանատու, բայց մրցույթն արդեն կայացել է:

Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Մնացել է վերջին փուլը, որը պետք է իրականացնի հենց աշխատանքային խումբը՝ մասնակիցները, և հենց այդ նիստի ընթացքում էլ կկնքվի նրանց հետ պայմանագիր, կարծում եմ՝ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում այդ հարցը կլուծվի:

Քանի դեռ պատասխանատու ուսուցիչ չկա, երեխաները փորձում են իրենք իրենց օրը հետաքրքիր զբաղմունքներով լցնել, մանավանդ՝ հիմա արձակուրդ է:

Մանե Սարգսյան - Արդյունավետ կլինի, որ տարբեր սեմինարներ լինեն, կենտրոնն աշխատի, ուսուցիչ ունենանք:

Շատ շուտով նման զարգացման կենտրոն կբացվի նաև Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում: Միջգերատեսչական խումբը 95 հազար դոլար է հատկացրել: Այստեղ ևս՝ դիզայնից մինչև դասավանդվող ցանկալի առարկաներ, գյուղի երեխաներն են որոշել: Հստակ դասացանկ չկա, առաջնորդվելու են երեխաների ցանկություններով:

Ռոբերտ Ղուկասյան - Կազմակերպիչը, պատասխանատուն ըստ էության պետք է մտածի, թե ինչպես հասցնել երեխաների մտքի հետևից, և իր հիմնական պարտականությունները և պատասխանատվությունը լինելու է այն, որ երեխաների միտքը կարողանա հասցնել տեղ՝ տարբեր օղակների միջոցով: 

Եղվարդի զարգացման կենտրոնում ևս ամբողջ գույքը ձեռք բերված է և պահեստավորված: Շուտով վերջին շտրիխները կավարտեն ու հանդիսավոր բացում կանեն: Սյունիքի մարզի ևս 5 գյուղերում նման զարգացման կենտրոնների նախագծանախահաշվային աշխատանքները ավարտված են, առաջիկայում Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական խումբը ֆինանսավորում կգտնի ու շինարարության մրցույթ կհայտարարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում