Նորակառույց մատուռի օծում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

ՀՀայկուշ Ասլանյան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մատուռ են օծել՝ Մարիամ Աստվածածին անունով: Կալանավայրի հինգերորդ մատուռն ու հարևանությամբ տեղադրված խաչքարն օծել են Արմավիրի թեմի առաջնորդն ու քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատուն: 

Մատուռի դուռը նկարազարդել է դատապարտյալ Սերգեյ Գրիգորյանը: Ազատության մեջ սիրողական նկարչությամբ զբաղվող տղամարդը կալանավայրում առաջին անգամ ձեռքն է վերցրել փայտի փորագրության գործիքներն ու մատուռի դռան վրա Սուրբգրային պատառիկներ դրոշմել:

Սերգեյ Գրիգորյան (դատապարտյալ) - Մինչև նկարելը աղոթել, նոր եմ սկսել: Սեր ու հոգի եմ դրել, փորձել եմ տալ այն ամենը, որ մարդիկ ոգեշնչվեն և դարձի գան:

Դատապարտյալները մատուռի օծմանը չեն էլ սպասել: Խնկարկել, աղոթել ու մոմ են վառել մինչև օծումը: 14 տարի անազատության մեջ գտնվող Սարգիս Հարությունյանի համար մատուռը մի օազիս է, որտեղ ազատ են հոգին ու միտքը:

Սարգիս Հարությունյան (դատապարտյալ) - Հոգու հանգստություն է, որ իջնում, մոմ ենք վառում, աղոթք անում, մեծ բան է: Մեր ընտանիքներից հեռու ենք, գոնե Աստծուն մոտ լինենք:

Ֆիզիկական ազատությունից զրկվելով՝ մարդիկ հոգևոր դաշտը բացելու հնարավորություն են ստանում՝ ասում է քրեակատարողականների հոգևոր պատասխանատուն: Շատերը կալանավայրից վերադառնում են հոգեպես մաքրված:

Ռուբեն վարդապետ Զարգարյան (ՔԿՀ հոգևոր պատասխանատու) - Ինչ-որ իմաստով մաքրվելու, ապաշխարության ճանապարհը բռնելու ճանապարհ է, նաև հասարակությանն է օգտակար, որովհետև դուրս են գալու և վերաինտեգրվեն հասարակության մեջ:

Կալանավայրում սրբավայրի առկայությունը դատապարտյալի զբաղվածության խնդիրն էլ է լուծում, քանի որ օրվա զգալի մասն այստեղ անցկացնելով՝ վատ սովորությունների համար ժամանակ չի ունենում:

Սերգեյ Ատոմյան (ՀՀ քրեակատարողական ծառայության պետ) - Փորձում են Աստծուն մոտ լինել, մոտ լինելով՝ մեղքեր քիչ կգործեն, կհասկանան, որ ավելի լավ է հոգևոր կյանքով ապրել, և ուղղման ճանապարհն ավելի ճիշտ կկառուցեն:

Քրեակատարողականների մատուռներում նաև պսակադրություններ են լինում: Վերջերս նման արարողություն է եղել Արմավիրի և Աբովյանի կալանավայրերի դատապարտյալների միջև: Քիչ չեն նաև մկրտությունները: Նորաբաց մատուռում այսօր առաջին մկրտությունը տեղի ունեցավ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում