Խաղաղապահներին զուգահեռ հրատապ է հայկական ստորաբաժանումների ծառայության ուժեղացումը. փորձագետներ

ԼԼևոն Սարդարյան

Արցախում Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղիղ հարված ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությանը. գնահատականը քաղաքագետ Ստեփան Սաֆարյանինն է:

Ստեփան Սաֆարյան (քաղաքագետ)Սա տեղի է ունենում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, քարտեզում երկու գյուղերն էլ գտնվում են նախկին ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի տարածքում:

Թույլ տալ ադրբեջանական զինուժին ամրապնդվել Փառուխում՝ կնշանակի Ադրբեջանին շանս տալ հետագայում ևս առաջանալ ու մաս-մաս գրավել Արցախի ռազմավարական կարևորության մյուս բարձունքները, բնակավայրերը: Ադրբեջանական կողմը սկսեց առաջանալ Արցախի տարածքում մարտի 24-ից: Սաֆարյանի կարծիքով` հայկական կողմի պահանջն այս պահին Ռուսաստանից պետք է հստակ լինի՝ ապահովել նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ամրագրված դրույթները:

Ստեփան Սաֆարյան - Մասնավորապես` որ կողմերը կանգ են առնում նոյեմբերի 9- դրությամբ արձանագրված դիրքերում, իսկ այդ դիրքերը ՌԴ պաշտպանության նախարարության կայքում զետեղված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սա Արցախում հայկական բնակավայր ներխուժման երկրորդ դեպքն է՝ Խծաբերդ-Հին Թաղերից հետո: Ադրբեջանի հարցերի փորձագետի խոսքով` այսօր Բաքուն փորձում է օգտվել ռուս-ուկրաինական ճգնաժամից և հույս ունի, որ Մոսկվան երկրորդ ճակատ չի բացի Արցախում:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Հիմա խնդիրն այն է, թե այդ լուրջ վնասը ինչքանով կշարունակվի, թե որոշակիորեն կկոմպենսացվի նրանով, որ կստիպեն ադրբեջանական կողմին դուրս բերել դիրքերը, և դրանից հետո կուժեղացնեն դիրքերը, որպեսզի դրանից հետո թույլ չտան նմանատիպ դեպքերի կրկնությունը Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի հավակնությունները Փառուխ-Խրամորթ բնակավայրերի ու թիկունքում Քարագլուխ կոչվող բարձունքի նկատմամբ եղել են նաև 30 տարի առաջ՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին: 92-ի հունվարին ադրբեջանցիները ներխուժել էին Խրամորթ, սպանել խաղաղ բնակիչներին:

Տարոն Հովհաննիսյան - 10-ից ավելի խաղաղ բնակիչներ են սպանել, ինչն արձանագրված է ժամանակին իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցում: Միշտ այս տարածքը եղել է իրենց դիտակետում:

Ստեղծված իրավիճակում փորձագետները հրատապ են համարում շփման գծի երկայնքով ուժեղացված ծառայության իրականացումը, զուգահեռ՝ դիվանագիտական խողովակներով շփումների ակտիվացումը Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ, որպեսզի իրավիճակը կայունացնելու համատեղ որոշում կայացվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում