9 օր առանց գազամատակարարման. Արցախում վերջապես սկսվել են գազատարի նորոգման աշխատանքները

ԼԼիլիթ Ասատրյան

9-րդ օրն է՝ Արցախում բնական գազ չկա: Միակ գազատարի վերականգնմանն ադրբեջանական կողմն անընդհատ խոչընդոտում էր: Հումանիտար աղետի վերածված խնդրի շուրջ բանակցություններ էին ընթանում, որոնք այսօր վերջապես արդյունք են տվել:

Հայաստանի Կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն, գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:

Արցախի քաղաքային բնակավայրերում ջեռուցման հիմնական միջոցը բնական գազն է: Բնակիչները ստիպված են էլեկտրական սարքերով ջեռուցել, ինչի հետևանքով էլ ցանցը ծանրաբեռնվում է, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներն էլ ամենօրյա բնույթ ստանում:

Կարինե Ավանեսյան (Ստեփանակերտի բնակիչ) - Էլեկտրական ջեռուցիչ ենք վառում, տաքացուցիչով ջուրն ենք տաքացնում: Որ լույս չի լինում, դժվար է:

Ավելի նպաստավոր պայմաններում են այն բազմաբնակարանների բնակիչները, որտեղ գործում է փայտի կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Հասմիկ Հակոբյան (Ստեփանակերտի բնակիչ) - Ջեռուցման խնդիրը չկա, բայց տաք ջրի հարցը ամենուր տանջում է, որովհետև դա կապ չունի արդեն ջեռուցման հետ: Եթե հանկարծ լույս էլ չունենանք, արդեն սա մեծ խնդիր է, որովհետև ջեռուցման համակարգը, փաստորեն, կանգնում է:

Բնական գազի բացակայությամբ պայմանավորված՝ Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդը մեկ շաբաթ շուտ է սկսվել: 39 դպրոց ջեռուցվում է գազով:

Միքայել Համբարձումյան (Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Եթե, ասենք՝ այդ 39-ի համար արձակուրդ սահմանեինք, մնացածի համար՝ ոչ, ճիշտ չէ: Այսինքն՝ այս երեխաների մի մասը դասի գնար, մի մասը՝ ոչ, սխալ է դառնում: Դրա իրավունքը նախարարությունն ունի՝ արձակուրդները սահմանելու, ֆորսմաժորային իրավիճակներից ելնելով, տեղաշարժելու իրավունքը ունի: Ելնելով այդ իրավունքից, և որպեսզի միանման լինի բոլորի համար՝ տեղաշարժեցինք արձակուրդները:

Արցախի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ինքնուրույն են որոշել պարապմունքները կազմակերպելու հարցը: Որտեղ չկարողանան հեռավար կազմակերպել, դասերը կշարունակեն ամառային արձակուրդի հաշվին:

Հեղինակ` Նարեկ Սահակյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում