Անվանական 5 եղևնի՝ ի հիշատակ Երևանի պետական հումանիտար քոլեջի զոհված շրջանավարտների
Անվանական հինգ եղևնի՝ ի հիշատակ Երևանի պետական հումանիտար քոլեջի հինգ շրջանավարտների, որոնք չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի:
Նարեկ Ստեփանյան, Արմեն Ջումխուրյան, Հայկազ Բեգլարյան, Դավիթ Ուզունյան, Լևոն Մկրտչյան. նրանց անունը կրող մշտադալար եղևնիները հողին կամրանան քոլեջի տարածքում:
Մարիամ Մինասյան (Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենի պաշտոնակատար) - Այդ եղևնիների ստվերում գուցե հետագայում բազմաթիվ սիրո խոստովանություններ լինեն, հայրենիքին ծառայելու մեծ խոստումներ հնչեն:
Արդեն քոլեջի շենքում տղաների հիշատակը հավերժացնող անկյուն բացվեց, ծնողներին շնորհակալագրեր հանձնեցին, ուղեկցեցին այն լսարան, որտեղ իրենց զավակները ռազմագիտություն են սովորել: Նրանք ծանոթացան քոլեջի այլ ուսանողների հետ, որոնք նույնպես մարտնչել են հանուն հայրենիքի, բարեբախտաբար ողջ վերադարձել: Զոհված զինծառայողների հարազատները որդիների մասին հպարտությամբ ու կարոտով էին խոսում:
Վարդան Մկրտչյան (Լևոն Մկրտչյանի հայրը) - Հայրենիքը հենց այնպես չի ընտրում քաջերին, էդ ամեն ինչի մեջ խորհուրդ կա: Ինչու եմ այդպես ասում, քանի որ Լևոնս անմնացորդ հայրենասեր էր, անմնացորդ սիրահարն էր Հայաստանի: Հայաստանի ամեն մի քարի, թփի, ամեն մի սարի, եկեղեցու: Եվ պատահական չէ, որ ինքը ընտրեց պատմության ֆակուլտետը, ապագա պատմաբան էր ուզում դառնալ, այնուհետև ուսումնասիրելով թուրքերեն լեզուն, արդյունքում թուրագետ պետք է դառնար:
Արմինե Բեգարյան (Հայկազ Բեգլարյանի քույրը) - Հպարտ եմ, որ ունեմ նման հերոս, հպարտ եմ, որ հերոսի քույր եմ, հպատ եմ, որ հերոսացավ մյուս հերոսների նման, չեմ ցանկանա ոչ մեկն անցնի այդ վշտի միջով, որով մենք ենք անցել:
Հռիփսիմե Կանանյան (Արմեն Ջումխուրյանի մայրը) - Ինքը կամավոր է գնացել, մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին, ավագ սերժանտի կոչումով հետ էր եկել, հրետանու հրամանատար էր ինքը: Մենք պետք է այդ հաղթանակը հասցնենք ավարտին, իրենց ուզած, իրենց երազած հայրենիքը հասցնենք ամենամեծ հաղթանակին, որ մենք ապրենք մեծ հպարտությամբ, որ մեր տղաները մեզ թողել են էսպիսի հայրենիք:
Քրիստինե Մելոյան (Նարեկ Ստեփանյանի մայրը) - Նարեկս ժամկետային զինծառայող է եղել, հենց առաջին օրվանից պայքարել է թշնամու դեմ, կարողացել է ամեն մի դժվարությունից դուրս գալ, շրջափակումից է դուրս եկել մեն-մենակ, օգնել ա իր ընկերներին, շատ նվիրված ա եղել իր հայրենիքին:
Բագրատ Ուզունյան (Դավիթ Ուզունյանի հայրը) - էս պահին առաջինը էն է, որ ուզում եմ գնամ տուն, ինքը այնտեղ լինի, ուրիշ ցանկություն չունեմ, ուզում եմ իրեն փաթաթվեմ և ոնց իմ Դավիթիս, էնպես էլ բոլոր զոհվածների անունները միշտ հիշվի երկար տարիներ: Դժվար է:
Հիշատակի այս միջոցառմանը նաև փոքրիկ Լևոնն էր ներկա: Կերպարվեստի դասախոսի որդին է, որն անունը ստացել է ի պատիվ քոլեջի շրջանավարտ Լևոն Մկրտչյանի: Հայոց լեզու դասավանդող Գեղեցիկ Մարգարյանը նկատեց՝ մյուս տղաների անուններով եւս գուցե արդեն երեխաներ կան, որոնց մասին կիմացվի այնպես անսպասելի, ինչպես փոքրիկ Լևոնի մասին են տեղեկացել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան













