Նեկտարինի մեկ կորիզից՝ 7 հա այգի

ՆՆարե Ոսկանյան

Մի կորիզի պատմությամբ ստեղծված Հակոբի նեկտարինի այգին այսօր արդեն 7 հա է, 3-ը՝ բերքատու, 4-ը՝ նորատունկ։ 

Հակոբ Մարգարյան (նեկտարին մշակող) - Հենց էդ մի ծառը որ ունեինք, էդ մի ծառից էսի բազմացրել ենք:

Կարճ ժամանակ անց Հակոբը հասկացավ, որ նեկտարինի մշակությունը եկամտաբեր գործունեություն է։ Ավելին՝ իր փորձով կիսվեց համագյուղացիների հետ, որի արդյունքում Նալբանդյանում ավելի քան 10 ընտանիք հիմնել է նեկտարինի այգի։

Հակոբ Մարգարյան - Մի տարի, երկու տարի հետո արդեն ջոկինք, որ էս ապրանքը, ասենք, հնարավոր ա, որ շատացնենք, ու հնարավոր ա՝ կարողանանք արտահանենք ու տենց շատացրել ենք ու հիմի շահ գոհ ենք: 

Սկզբնական շրջանում բերքը քիչ էր, փոքր ու մեր քիմքին անծանոթ համային հատկանիշներով։ Սակայն կարճ ժամանակահատվածում Հակոբը գտավ գերմանական դեղձին հայկական համ ու հոտ փոխանցելու սեփական մեթոդը։

Հակոբ Մարգարյան - Ծիրանի վրա պատվաստելուց ծառը ավելի երկարակյաց ա դառնում, ու իրա բերքն էլ ավելի լավ ա լինում որակով։ Ստեղ ունեմ 5 տարեկան ծառ, ասենք, որ մինչև 100 կգ, 150 կգ դաժե կարողանում ա բերք տա, 10 տարեկան ծառ ունեմ՝ մինչև 200 կիլո, այսինքն` մշակելուց ա:

Հայկական ծիրանի վրա պատվաստված գերմանական նեկտարինը մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում։ Ռուսաստանում ձեռքից ձեռք անցնող պտուղը Հակոբն արտահանողներին վաճառում է 350-500 դրամով։

Հակոբ Մարգարյան - Մի 2-3 տարի հետո սրանից արդեն երևի կունենամ 100-ից ավել տոննա, բերքի 80 տոկոսը արտահանում են ու, կարելի ա ասել՝ ավելի շատ:

Սեզոնից դուրս բերքն ավելի թանկ վաճառելու համար սառնարանային տնտեսություն է հիմնում։ Դիմել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրին։

Հակոբ Մարգարյան - Որ թանկ ծախեմ, դրա համար սառնարան եմ ուզում սարքեմ, դաժե արդեն հիմքը ունեմ թափած, ծախքը մի քիչ շատ ա, գրվել եմ էդ 0 տոկոս վարկից։

Նեկտարինի մշակությունը միայնակ է անում, ինքնուրույն է յուրացրել բոլոր նրբությունները։ Բայց բերքահավաքին մասնակցում է ավելի քան 30 մարդ։

Կարեն Պողոսյան (բերքահավաքի մասնակից) - Առավոտվա ժամը 8-ից որ մինչև իրիկվա ժամը 6-ը քաղես՝ 900 կգ, 1 տ կքաղես:

Բերքը մեկ առ մեկ, խնամքով դասավորում են արկղերի մեջ, որ նեկտարինը հանկարծ չվնասվի, գյուղացու արած գործը ջուրը չընկնի։

Ծաղկանուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում