Ստոմատոլոգիական կլինիկաներում ստուգումներ կիրականացվեն

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի մի շարք բուժհիմնարկներում մասնագետների որակավորման կարիք կա: Ոչ ճիշտ փաստաթղթաշրջանառությունից մինչև բժիշկների վերապատրաստման անհրաժեշտություն: Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը այս տարվա տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների արդյունքում ավելի քան 140 վարչական վարույթ է հարուցել:

Քրիստինե Աբրահամյան (Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ) - Օրենքով սահմանված կարգով իրականացվել են ամբողջ գործընթացը, և անձինք, որոնք ցուցաբերել են խախտումներ, վերացրել են խախտումը, կամ խախտման համար նշանակվել է վարչական տույժ:

Աբրահամյանը նաև առանձնացնում է այն, որ բժիշկներից շատերը, ունենալով արտերկրի դիպլոմներ, Հայաստանում դրանք չէին փոխճանաչել:

Քրիստինե Աբրահամյան - Մենք ունենք ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոն, որը դիպլոմը փոխճանաչում է և տրամադրում է բժշկին, որ, այո՛, այդ դիպլոմն անցնում է Հայաստանի Հանրապետությունում:

«Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ավագ բուժաշխատող պետք է հինգ տարին մեկ անգամ որոշակի ժամանակահատվածով վերապատրաստվի: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ բժիշկներն ուշացումով են վերապատրաստվել, ասում է Աբրահամյանն ու հավելում՝ ստուգումներից հետո խնդիրը լուծվել է:

Այս տարի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում խոշոր բժշկական կենտրոններում, նեղ մասնագիտական բուժհաստատություններում կսկսեն 2022-ից: Դրանց թվում են նաև ստոմատոլոգիական կլինիկաները: Աբրահամյանի խոսքով՝ եթե այնտեղ խնդիր է արձանագրվում, ապա զեկուցագրով անմիջապես վարչական վարույթ է հարուցվում ու իրականացվում ուսումնասիրություն: Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը նշում է՝ թեև իրենց կառույցը իրավասու չէ ստուգումներ իրականացնել, բայց պարբերաբար տեղեկանում են, որ վարձակալած տարածքներում ստոմատոլոգիական ծառայություն են մատուցում՝ առանց դրա իրավունքի:

Լազար Եսայան (ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ) - Կան նաև մարդիկ, որոնք ավարտելով Երևանի պետական համալսարանը կամ այլ մասնավոր բուհեր՝ չեն անցել հետդիպլոմային շարունակական կրթություն, ուղղակի աշխատում են, և ես կարծում եմ՝ այս ստուգումների արդյունքում շատ դեպքեր կհայտնաբերվեն:

Եսայանի խոսքով՝ խնդիրն առկա է, բայց հաշվի առնելով, որ տեսչական մարմինը շուտով իրականացնելու է ստուգումներ, շատերն արդեն սկսել են վերանայել իրենց գործունեությունը: Ոմանք էլ բժիշկների վերապատրաստման հարցն են լուծում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում