Զորակոչից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ

ԼԼիլիթ Դանիելյան

27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած սպայական կազմի՝ զորակոչից խուսափած զինծառայողներիի նկատմամբ կառավարությունը առաջարկում է համաներում կիրառել: Հարցը այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում էր: 

Անդրանիկ Քոչարյան (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Երբ են տոմս առնում, երբ են գալիս, քրեական հետապնդումից ո՞նց են ազատվում, ովքե՞ր չեն կարող ազատվել, ո՞ւմ վրայ է տարածվում, ինչ քանակի քաղաքացիների հետ գործ ունենք:

Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը հստակեցրեց՝ համաներումը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը մեղադրվում են այլ հոդվածով: Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ նրանց, որոնք մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատական վարույթում է՝ դատարան: Զեկուցողը ներկայացրեց նաև վիճակագրական թվեր:

Արմեն Հովհաննիսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Նախատեսվող համաներման շահառու կարող է հանդիսանալ մինչև 2020 թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզման մեջ գտնվող առավելագույնը 5131 և դատապարտված առավելագույնը 131 անձ:

Պատգամավոր Արտակ Մանուկյանի համոզմամբ՝ նախագծում տեխնիկական խնդիրներ կան՝ օրինակ, ինչո՞ւ քաղաքացուն չի թույլատրվում ոչ թե անձամբ ներկայանալ, այլ լիազորագրի միջոցով անել որոշ գործընթացներ, և միայն դրանից հետո ներկայանալ: Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ նախաձեռնության փիլիսոփայությունը դրանով կոչնչանա: Այսօր նրանք մեկ խնդիր ունեն՝ այդքան տարիներ անց առնվազն մեկ անգամ գալ հայրենիք:

Անդրանիկ Քոչարյան - Տարիներ շարունակ չեն եկել, մի հատ գան, տեսնեն: Նրանք մեզ դիմում էին, ասում էին՝ չկարողացանք գալ մեր հարազատների մոտ կանգնեինք:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս կարծում է, որ 5131 շահառուից առնվազն կեսը չի կարողանա վերադառնալ, համաներում ստանալու, քանի որ որոշ երկրներ նրանց վերադարձի հնարավորություն չեն տա ու արտաքսման կենթարկեն:

Անդրանիկ Քոչարյան - Էս հնարավորությունը տրվում է, որ իրենք վաղը չասեն՝ ուզում էինք, բայց չկար հնարավորություն: Թող օգտվեն, ընտրություն անեն:

Ինչքա՞ն կտևի համաներում ստանալու թղթաբանությունը, քաղաքացիներին հուզող մյուս կարևոր հարցը բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանը:

Արմեն Հովհաննիսյան - Պրոցեսը թե ինչքան կտևի՝ հստակ չեմ կարող ասել:

Գևորգ Գորգիսյան - Եթե մենք էս մարդկանց հստակ կանխատեսելի ժամկետներ չենք ասում, նա չի կարողանում հասկանալ ու մյուս տարի էդ դեպքում նա էլ չի կարողանալու գա:

Հարցեր նախագծի վերաբերյալ շատ կան: Այն երեքշաբթի 24-ժամյա ռեժիմով կքննարկվի. նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց Աժ լիագումար նիստերի օրակարգ:

Մյուս նախագծով առաջարկվեց արգելել Հայաստանի պետական սահմանին առանց թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանին տեղակայված ինժեներական կառույցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում