«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Հասնում ենք այն կետին, որ խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Արցախը. ԵԽ պատգամավոր

ԼԼիլիթ Գասպարյան

Ո՞րն է Եվրոպայի դիրքորոշումը Արցախի նկատմամբ ագրեսիայի հարցում: Լիլիթ Գասպարյանը շարունակում է հարցազրույցների շարքը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ:

Այսօր նրա զրուցակիցը Ֆրանսիան ներկայացնող Սիլվի Գիյոմն է:

- Բարև Ձեզ, տիկի՛ն Գիյոմ, շնորհակալություն մեզ միանալու համար։

 - Բարև Ձեզ։

 - Ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի ներկա կեցվածքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։  

- Եվրոպա ասելիս մենք պետք է մի փոքր ավելի ճշգրիտ լինենք: Ես խոսելու եմ եվրոպացի խորհրդարանականների անունից: Եվ Դուք գիտեք, որ մյուս դերակատարներից մեկն էլ Եվրահանձնաժողովն է՝ ի դեմս բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի: Խորհրդարանում արտաքին քաղաքականության վերաբերյալ բանավեճ ունեցանք խորհրդարանականների և բարձր ներկայացուցչի միջև, ինչը մեզ հնարավորություն տվեց մեծ հետևողականություն ցուցաբերել խորհրդարանականների ելույթների շնորհիվ: Այսպիսով, Խորհրդարանը, և նրանք, ովքեր արտահայտվել են այս հակամարտության վերաբերյալ, շատ հստակ դիրքորոշում ունեն` ինչպես տեղի ունեցող ընդգծված ագրեսիայի, այնպես էլ շատ արագ հրադադարի ռեժիմի պահպանման հրամայական անհրաժեշտության վերաբերյալ:

Կոչ է արվում վերականգնել քննարկումները Մինսկի խմբում: Ինչ վերաբերում է բարձր ներկայացուցչին, ապա նա հերթական անգամ կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտերը, որոնք համարում է բացարձակապես անընդունելի ՝ խնդրելով պահպանել հրադադարի ռեժիմը: Խորհրդարանում տեսակետների մերձեցում կա՝ մարտերն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության և բնակչության համար մարդասիրական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։

- Խոսքը գնում է Եվրոպայի հարևան տարածաշրջանի մասին, բայց հայտարարություններից անդին չենք անցնում։ Հարցն այդքան էլ չի հետաքրքրում Եվրոպային, թե՞ խոսքը ազդեցության թուլության կամ քաղաքական կամքի բացակայության մասին է։  

 - Իմ որոշ գործընկերներ և ես շարունակեցինք քայլեր ձեռնարկել` հասկացնելու համար, որ մենք չափազանց կապված ենք Հայաստանում և Ղարաբաղում տիրող իրավիճակին և շատ ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Հիմա նամակ է պատրաստվում, որը կփորձի ավելի ու ավելի շատ աջակցություն ստանալ իմ 700 այլ գործընկերներից: Այդ նամակում հստակ նշվում է այն ագրեսիան, որը ադրբեջանական ուժերի կողմից եղել է Լեռնային Ղարաբաղի դեմ, և հստակ ընդգծվում է, որ ուժերի անհամարժեքություն գոյություն ունի՝ ծայրահեղ զինված տերության և մի պետության միջև, որն ավելի քիչ է բնակչության քանակով, և որ այդ մարդիկ տառապում են, ճակատ են գնում ու մահանում են դրամատիկ պայմաններում։ Նամակը հիշեցնում է, որ այդ թեմայով միջազգային համերաշխության կարիք կա: Այնպես որ, մենք շատ ուշադիր ենք հետևում իրավիճակին և շատ ազդեցիկ գործողություններ ենք ձեռնարկում՝ հակամարտության ավարտի, հրադադարի պարտադիր հարգման, ինչպես նաև Թուրքիային այս հակամարտությունում դատապարտելու, բայց նաև մարդասիրական գործողության անհրաժեշտության վերաբերյալ: Եվ մենք նույնիսկ հասնում ենք այն կետին, որ խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Արցախը։ Այնպես որ, մենք ներգրավված ենք այս պայքարի մեջ:

- Ձեր երկրի նախագահն առաջինն էր, որ բարձրաձայնեց սիրիացի վարձկաններին ԼՂ-ի դեմ օգտագործելու մասին։ Այսօր շատ այլ հարցերով Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները լարվածության գագաթնակետին են հասել, պատժամիջոցներ բոլոր քաղաքական խմբակցություններն են պահանջում, բայց արդյունք չկա։ Որտե՞ղ է խնդիրը։  

- Այո՛, Դուք ճիշտ եք, Ֆրանսիայի նախագահի քայլը պետք է նշել, բայց մենք նաև տեսնում ենք, որ նրա ելույթն Էրդողանի հետ կապված որոշակի հակասություններ է բերում: Օրեր առաջ մենք Ֆրանսիայում ծայրաստիճան դաժան ցույցերի ականատես եղանք՝ ի պաշտպանություն Էրդողանի: Ընդհանրապես, ճիշտ է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում բախվում է շատ հստակ դժվարությունների: Օրինակ՝ 2015-ին եվրոպական տարածք ժամանած սիրիացի փախստականների հետ կապված՝ ԵՄ-ն իրեն Թուրքիայի ճիրանները նետեց։ Կարծում եմ, որ կա նաև թուրքական շանտաժի նկատմամբ դժկամության մի ձև: Այդ շանտաժը չպետք է ընդունվի: Այսինքն՝ եթե մենք ունենք դիրքերի թուլացում մեկի նկատմամբ, որը գործում է շատ կայսերական ձևով, մենք միշտ կորցնում ենք: Այնպես որ, ԵՄ-ն պետք է լինի ուժեղ և վճռական, և պետք է լինի պատասխան՝ Թուրքիայի նախագահի սադրանքին համապատասխան ուժգնությամբ։

- Եվրախորհրդարանականներից ոմանք մեզ հետ զրույցում հետաքրքիր մի իրականություն շեշտադրեցին, որ հեշտ չէ պատժամիջոց կիրառել մի երկրի դեմ, որը չորս միլիոն փախստականի ապաստան է տալիս։ Տպավորություն է, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպայի մարդու իրավունքների ընկալումը զիջում են քաղաքական և տնտեսական շահերին։ Եվ, ի վերջո, Թուրքիան ուղղակի սպառնում է Եվրոպային։ Ի՞նչ կասեք այս մասին։  

- Ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, քանի որ մենք իսկապես որպես եվրոպացիներ Թուրքիայի հետ ունենք ծանր կոնֆլիկտի մի քանի առարկա: Բայց գիտեք, այս կարգի դիվանագիտական խնդիր չեք կարող լուծել՝ պարզապես հրաման տալով: Կցանկանայի մտածել, որ ամբողջ թուրք ժողովուրդը պարտադիր չէ, որ համաձայն լինի իր նախագահի արածին: Ես կցանկանայի նաև, որ մենք կարողանայինք դիմել թուրքական հասարակությանը ՝ ասելով. «Տեսե՛ք, թե ինչ է կատարվում, տեսե՛ք ձեր նախագահն ինչ վիճակի մեջ է դնում ձեզ, տեսե՛ք, թե ինչպես է նա հարձակվում արտաքին հարաբերություններում, որ թաքցնի ներքին քաղաքականության մեջ առկա դժվարությունը»: Կցանկանայի նաև, որ մենք կարողանայինք փոխանցել այս տեսակի պատգամները: Ձեր հարցին ավելի անմիջականորեն պատասխանելու համար կրկնում եմ, որ դիվանագիտության մեջ դժվար է նման դաժան պատժամիջոց կիրառել, բայց կարծում եմ, որ մենք պետք է գնանք այդ ուղղությամբ` ցույց տալու, որ ԵՄ-ն միավորված է արձագանքել սադրանքին և շարունակում է այս մրցամարտը նախագահ Էրդողանի հետ:

- Չե՞ք կարծում, որ Լեռնային Ղարաբաղ այցելելը, մարդկանց և իրավիճակին ծանոթանալը լավագույն միջոցն է հիմնախնդրի բոլոր նրբությունները հասկանալու համար, որոնք իսկապես կարևոր են հակամարտության ընդհանուր լուծման համար:  

- Իհարկե, ակնհայտորեն շատ է նպաստում, ինչպես բոլոր առաքելությունները, որոնք մենք իրականացնում ենք` որպես եվրոպական խորհրդարանականներ, երբ խնդիր ունենք և ուզում ենք ընկղմվել կոնկրետ իրականության մեջ: Այսպիսով, ակնհայտ է, որ սա կարևոր է, և եթե Ձեր հաջորդ հարցն այն է, թե արդյոք ես կայցելեմ Արցախ, պատասխանս կլինի «հավանաբար, այո, եթե կարողանամ»: Ես վաղուց եմ այցելել Հայաստան: Այնպես որ, շատ մոտ եմ և շատ կապված եմ այդ երկրին:

- Ֆրանսիայի տեղական, շրջանային կառավարման մարմինները Արցախի անկախությունը տարածելու բանաձևեր են ընդունում, հայտարարություններով հանդես գալիս։ Քաղաքական և իրավական ի՞նչ նշանակաություն ունեն դրանք։

- Գիտեք, որ Ֆրանսիայում մենք առանձնակի զգացողություն ենք տածում 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ես ապրում եմ մի վայրում, որտեղ հայկական համայնքը ներկա է և ճանաչված: Այսպիսով, որոշակի համայնքների և Հայաստանի միջև կա հատուկ կապ: Սրանք բարեկամության, համապատասխան աջակցության կապեր են, ուստի, երբ այս շրջանային և տեղական մարմինները որոշում են կայացնում քույր քաղաքներ դառնալ Արցախի գյուղերի կամ քաղաքաների հետ կամ կոչ են անում ճանաչել Արցախը, անշուշտ, դա ուժեղ քաղաքական ակտ է: Ահա թե ինչու եմ ես հիասթափված ՝ տեսնելով, որ այս հրամանագրերը վիճարկվում են, և սպառնալիքի տակ են քաղաքապետերն ու թիմերը, որոնք դրանք ընդունում են: Սա ինձ համար անընդունելի է:

- Լեռնային Ղարաբաղը 1991-1992 թվականներին հռչակել է իր անկախությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության օրենքների վրա: Եվ այժմ, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ մայրաքաղաքներում քննարկումներ են ընթանում «Անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչման վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, Ֆրանսիան կարո՞ղ է դերակատարություն ունենալ դրանում ՝ որպես ելք ստեղծված իրավիճակից:

- Այո՛, ես կցանկանայի հավատալ և կարծում եմ, որ միանգամայն տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի՝ Հայաստանի և Արցախի հետ ավանդական կապերը, որ Ֆրանսիան մասնակցեր այս գործընթացին: Այս կապը հնարավոր չէ մարել, անգամ առկա վիրուսի դեպքում:

- Շնորհակալություն Ձեր մասնակցության համար, տիկին Գիյոմ։

- Ես եմ շնորհակալ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում