ԱԺ հերթական քառօրյան անդրադառնում է միայն ամենահրատապ և պատերազմի հետ կապ ունեցող հարցերին

ՆՆարեկ Սահակյան

Ազգային Ժողովի հերթական քառօրյան սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության և սահմանին հանուն հայրենիքի զոհված զինծառայողների: Իսկ օրակարգը ձևավորել են հիմնականում պատերազմի հետ կապ ունեցող հարցերը:

Հարգանքի տուրքից հետո խորհրդարանը սկսեց յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Օրակարգում թողել էին միայն 9 հարց. ամենահրատապն ու պատերազմի հետ կապվածները, ինչպես օրինակ՝ բանկային ծանուցմանը վերաբերող լրացումը:

Կառավարության ներկայացրած փաթեթով՝ խորհրդարանը պետգույքի մասնավորեցման ցանկից հանեց «Հայավտոկայարան» ընկերությունը: Դրա հիման վրա է երկրում ստեղծվելու մեկ միասնական տոմսով միասնական տրանսպորտային համակարգ: Եր՞բ՝ ժամկետ չնշվեց: Մեկ այլ նախագծով հաստատվեց բժշկական բազմաֆունկցիոնալ 47 մեքենա ձեռք բերելու ճապոնական դրամաշնորհը:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Դրամաշնորհը կազմելու է 3.8 մլն դոլար: Կառավարությունը նպատակահարմար է գտել այս գումարները ծախսել լիաքարշ բժշկական մեքենաների և շարժական կլինիկայի վրա:

Պատգամավորներն առանց երկար քննարկելու վավերացրին մարզային դպրոց-մանկապարտեզ-ճանապարհների նորոգման, նաև Կապսի ջրամբարի կառուցման համար հատկացվող վարկերի նոր չափաբաժինները: Հերթը հասավ Հայաստան-Վրաստան էներգետիկ կապի համար ենթակայանի գումարի՝ «Լուսավոր Հայաստանից» ընդդիմացան. խառը այս ժամանակներում ինչո՞ւ ենք ավելացնում երկրի պարտքը:

Արկադի խաչատրյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ այս տարվա պետական բյուջեի վերանայված ցուցանիշների համաձայն՝ նախատեսվում է կառավարության պարտքն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 67 տոկոսը:

Դդմաշենում շատ խոշոր փոխարկիչ է լինելու, դրա կառուցումն ուշացնելը թանկ կնստի երկրի վրա՝ պատգամավորներին փորձեց բացատրել փոխնախարար Վարդանյանը:

Հակոբ Վարդանյան (ՀՀ տարածքային կառավարման և ենակառուցվածքների փոխնախարար) - Դդմաշենի ուշացումը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր միլիոնի վնաս է լինելու, քանի որ արևային կայանը, նաև ՋԷԿ-ը կառուցվում են հոսանքը պարտադիր գնելու պայմանով, մենք ստիպված ենք լինելու էդ ընկերություններին վճարել:

Չհամոզեց. քննարկած նախագծերից խորհրդարանը միայն այս մեկը չընդունեց: Ի դեպ, Ազգային Ժողովն այսօրվանից նոր պատգամավոր ունի. Տիգրան Ուլիխանյանի փոխարեն «Իմ քայլից» մանդատ է ստացել Կարապետ Մխչյանը:

Օրակարգից դուրս հերքվեց լուրը, թե Ճամբարակում զինվորներին տաքացնելու նպատակով Տավուշի անտառներից կտրած ծառերի համար քրեական գործ է հարուցվել: Վլադիմիր Վարդանյանը գործընկերներին գոտեպնդեց նաև. պատմության մեջ չկա պետություն, որ ռազմական հանցագործությամբ հասնի հաղթանակի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում