Իրանական լրատվամիջոցները վերջին օրերին ակտիվորեն անդրադառնում են Արցախյան հակամարտությանը

ՆՆարե Թադևոսյան

Ադրբեջանը չի ընդունում իրեն հասցեագրվող մեղադրանքները տարածաշրջանային կայունությունը խարխլող ագրեսիա տարածելու հարցում, այնինչ հայկական կողմը պնդում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և բացառվում է ադրբեջանական արկածախնդրությունը: Սա իրանական լրատվամիջոցների՝ վերջին օրերի հրապարակումների հիմնական ասելիքից մեկն է: Իրանական մեդիադաշտը տևական ժամանակ ողողված էր ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող հրապարակումներով:

Հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային բախումներից հետո իրանական մամուլն ավելի հաճախ մեջբերում է պաշտոնական Երևանի հայտարարությունները:

MehrNews. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է` այն, ինչ տեղի ունեցավ Տավուշի շրջանում, պարզապես ոտնձգություն էր իր երկրի նկատմամբ։ Հայաստանի վարչապետն ավելացրել է, որ ավանդական այն դիրքորոշումը, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, և միայն խաղաղ բանակցությունների միջոցով պետք է կարգավորվի, հարգելի է Հայաստանի յուրաքանչյուր կառավարության համար»։

MehrNews-ում այս հոդվածը հրապարակվել է «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով» խորագրով: Իրանում խոշորագույններից մեկը համարվող այս լրատվամիջոցը պատկանում է «Իսլամական քարոզչություն» կազմակերպությանը, որն էլ ղեկավարում է հարևան երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանում նույնպիսի ազդեցության մեկ այլ՝ IRNA լրատվական գործակալությունը գրել է. «Բաքվի և Երևանի միջև լարվածությունը շարունակում է լուրջ սպառնալիք լինել տարածաշրջանային անվտանգության համար»:

IRNA. «Հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը հրետանիով, կործանիչներով ու ՀՕՊ համակարգերով լայնածավալ համատեղ զորավարժություններ իրականացրին Բաքվում, Նախիջևանում, Գանձակում ու Եվլախում: Տավուշի բախումից հետո տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ դեռևս հնարավոր չէ ունենալ երկարատև խաղաղության տեսլական»:

Արցախյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությանն է անդրադարձել ParsToday գործակալությունը:

«Թուրքիան քննադատում է Մինսկի խմբին» վերնագրով հոդվածում իրանական լրատվամիջոցը նշել է, որ Մինսկի խմբի արդյունավետության մասին ադրբեջանական կողմի պաշտոնական ու փորձագիտական դժգոհություններին ավելացել է նաև Թուրքիայի դիրքորոշումը: ParsToday-ը ևս շեշտում է, որ Արցախյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, քանի որ դա վտանգելու է ամբողջ տարածաշրջանի կայունությունը, ինչը հաշվի չեն առնում Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները:

Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում