Արցախում ևս լայն թափով է շարունակվում ճանապարհաշինությունը

ՆՆարեկ Սահակյան

Արցախում լայն թափով կառուցում են պետական ու միջհամայնքային ճանապարհները: Պետական ֆինանսավորմամբ ավարտին է մոտենում Ստեփանակերտ-Կարմիր շուկա մայրուղուց Հերհեր տանող ճանապարհի շինարարությունը: Գյուղացիների համար սա երազանք էր տասնամյակներ շարունակ:

Էռնեստ Բաղիշյան - Արցախի Հերհեր համայնքի ղեկավար - Կյանքում չենք պատկերացրել, որ կարող է ասֆալտապատվի: 1 կիլոմետր 650 մետր ճանապարհն ասֆալտապատվում է, գործն ընթացքի մեջ է: Երկրորդ շերտն ավարտին կհասնի երկու օրից:

Ասֆալտապատմանը զուգահեռ Արցախի գյուղերում շարունակում են սալապատել միջհամայնքային ճանապարհները: Աշխատանքներին Մարտունու շրջանում հետևել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Թաղավարդում օրական 600 քառակուսի մետր են սալապատում:

Վլադիմիր Բալայան - վարպետ - Կատարվող աշխատանքը շատ կարևոր է գյուղի համար: Ես ցանկանում եմ, որ մնացած համայնքներում ևս շարունակվի այս ծրագիրը, որովհետև սա ժողովրդի շատ կարևոր է:

Արցախի Քերթ և Թաղավարդ գյուղերում վարպետներն ազատ րոպե չունեն: Տեղական կրաքարե խորանարդիկները չեն բավարարում պահանջարկը: Արցախի կառավարության ֆինանսավորմամբ համայնքները տուֆ են ներկրում Հայաստանից: Քանի դեռ եղանակը բարենպաստ է, պետք է հասցնեն ավարտել:

Օլեգ Հարությունյան - Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար - Համայնքը երկու հավասարազոր համայնքներից է կազմված՝ Թաղավարդ և Թաղավարդ-Կալեր: Պիտի սալահատակը իջնի մինչև Կալերի վերջին հատվածը: Ընդհանուր ճանապարհի սալապատումից հետո նրբանցքներն էլ կսալապատեն, որ ժողովրդի համար ավելի հարմար լինի:

Լայնածավալ ճանապարհաշինարարությանը զուգահեռ, Կարմիր շուկա և Հերհեր գյուղերում մարզադահլիճներ են կառուցվում: Մինչև տարեվերջ Կարմիր շուկա գյուղում շահագործման կհանձնեն նորակառույց բազմահարկերը:

Մանվել Բաբաջանյան - Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - Նախատեսված է 32 բնակարան, որից 15 բնակարան՝ պահեստազորի սպաների, իսկ մնացած բնակարանները տրամադրվելու են տարբեր սոցիալական խավի ներկայացուցիչների, ցանկության դեպքում՝ նաև հիփոթեքային վարկի տեսքով:

Արցախի գյուղերում նոր թափ է ստացել նաև ջրամբարների և արտեզյան հորերի կառուցման ծրագիրը: Կաթիլային ոռոգման շնորհիվ տնտեսվում է ջուրը:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում