Մեղրու չոր միրգը պահանջված է նաև ԱՄՆ-ում

ՎՎարդան Վարդանյան

Հայաստանի հարավային սահմանում գտնվող 10 տարեկան այգին Իշխան Ասլանյանին տարեկան ապահովում է 10-12 միլիոն դրամ եկամուտ։

Իշխան Ասլանյան, ֆերմեր - Սա իտալական սորտի թզենի է, որ հիմնականում օգտվում ենք առաջին բերքից։ Մեկ կիլոգրամը մոտ 2000 դրամ մթերման արժեքն է, որն ավելի թանկ վերավաճառվում է արտերկրում։

Մոտ 1 հա այգում կա նաև 160 արքայանարնջի ծառ, սակայն այս տարի մշտադալար ավելի քան 120 թզենին է բերքատվության առաջատարը։

Իշխան Ասլանյան, ֆերմեր - Այս տարի թզի առատ տարի է Մեղրիում, շատ-շատ առատ թուզ է, այսպիսի տարի հազվագյուտ է եղել։

Նախորդ տարիներին օրական ամենաշատը 700 կգ պտուղ էր մտնում արտադրամաս։ Այս տարի արդեն մեկուկես տոննա։ Այգում թզենիները ցածր են էտել, այդպես հեշտանում է բերքահավաքը։ 17-ամյա Արմինե Քոսյանը գրեթե ամեն օր արևածագը այգում է դիմավորում։

Արմինե Քոսյան, այգու աշխատակից - Առավոտ ծեգին, ժամը 5։30-ին արթնանում ենք և գալիս ենք, հավաքում ենք Մեղրու քաղցրահամ թուզը, տանում արտադրամա։ Առավոտյան, որ շուտ եմ արթնանում, դա ինձ համար է լավ, օգտակար է, բացի այդ օգնում եմ ծնողներիս։

Հավաքելուց հետո սև և սպիտակ թուզը դույլով տեղափոխվում է փաթեթավորման արտադրամաս, որը գտնվում է Մեղրու գինու գործարանի տարածքում։ Իշխան Ասլանյանի ընտանիքը 20 և ավելի տոկոս բաժնեմաս ունի արտադրամասում, ամենահին շինությունն իր ուժերով է նորոգել, կարգի բերել։ Հենց այստեղից փաթեթավորված թուզը առաքվում է իրացման։

Իշխան Ասլանյան, ֆերմեր - Փաթեթավորումներն անում ենք տարբեր տեսակի` կախված պատվիրատուի պահանջներից։ Այսպիսի կեքսի թղթերով թուզը փաթեթավորվում է և ուղարկում արտերկիր։

2014-2015-ին բերքն իրացրել են Հայաստանի սուպերմարկետներից մեկի միջոցով, իսկ 2016-ից սկսվել է արտահանումը Ռուսաստան։ Իշխան Ասլանյանն ասում է՝ թարմ պտղի պահանջարկ կա նաև ԱՄՆ-ում։

Իշխան Ասլանյան, ֆերմեր - Չոր միրգն արտահանում ենք ԱՄՆ և Արաբական Էմիրատներ, իրենք շատ են հավանել Մեղրու պտղի քաղցրությունը և հետաքրքրված են նաև թարմ մրգով։ Հիմա մտածում ենք փոխադրելու տեխնոլոգիաներ ինչպես գտնենք, ինչպես փոխադրենք։ Տեսնենք` ինչ-որ ճանապարհներ կգտնենք։

Ֆերմեր Իշխան Ասլանյանը ներկայումս կազմակերպչական աշխատանքով է զբաղված, որպեսզի կորոնավիրուսի պատճառով փակված ճանապարհները բացվելուն պես քաղաքում աճեցրած քաղցր պտուղը ճաշակեն նաև Միացյալ Նահանգներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում