Տնտեսական աջակցության նոր ծրագրերը. շահառուները հյուրանոց-ռեստորաններն են ու զբոսաշրջային բիզնեսը

ՀՀերմինե Բաղդասարյան

Նախարարն այնքան էր շտապում ներկայացնել բիզնեսին աջակցող ծրագրերը, որ առանց դիմակի էր ասուլիսի եկել: Սխալն ուղղեց ու սկսեց կառավարության երեկ հաստատած 23-րդ միջոցառումից: Դրանից օգտվողներին համակարգն ավտոմատ է ընտրելու հարկայինի բազայում գրանցված հանրային սննդի, կացության և տուրիզմի ոլորտի ընկերություններից:

Տիգրան Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար - Հատուկ դիմում չեն ներկայացնում տնտեսվարողները:

Հակաճգնաժամային այս փաթեթով պետությունն իր վրա է վերցնում հյուրանոց-ռեստորանների ամեն երրորդ, չորրորդ աշխատողի վարձատրությունը, այնպես որ առաջին պայմանն առնավազն 3 հաստիք ունենալն է: Մատուցողին կամ մաքրուհուն այս ընթացքում կրճատած ընկերությունները կկարողանան օգտվել ծրագրից, հենց վերականգնեն աշխատատեղը:

Տիգրան Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար - Եթե ոչ առաջին ամսում, ապա հաջորդ ամիսներին ունենան 3 աշխատակից, ապա կարող են դառնալ շահառու:

Շահառու ընկերությունները հուլիսից մինչև 2021-ի մարտի համար են բյուջեից ամեն ամիս անվերադարձ գումար ստանալու: Ֆինանսավորումը կդադարեցվի, երբ ՀԴՄ-ի խախտում թույլ տան: Փող, ի սկզբանե, չեն ստանա պետությունից ԱԱՀ հետ ստացած, բայց աշխատողների կեսին կրճատած գործատուները:

Տիգրան Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար - Չեն օգտվի այն կազմակերպությունները, որոնք նման եղանակով աջակցություն ստանալով հանդերձ՝ կրճատել են անձնակազմը 50 տոկոսից ավելի չափով:

էկոնոմիկայի նախարարության տվյալով՝ տուրիստներին սպասարկող ընկերություններն այժմ երկրում ապահովում են 23 հազար մարդու զբաղվածություն: Եթե հնարավոր բոլոր շահառուները դիմեն, կառավարությունը կստանձնի 6000 աշխատողի ֆինանսավորման՝ ամսվա կտրվածքով ընդհանուր մոտ 700 մլն դրամի ծախս: Ընդ որում՝ հակաճգնաժամային որևէ ծրագրից օգտված բիզնեսը չի զրկվում նոր այս փաթեթից օժանդակություն ստանալու հնարավորությունից:

Տիգրան Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար - Եթե այլ ծրագրից էլ օգտվել են, այո՛, համարվում են շահառու:

Ինչ վերաբերում է գինի-կոնյակագործների վարկն ամբողջությամբ սուբսիդավորող, անտոկոս դարձնող 24-րդ ծրագրին, ապա այստեղ հիմնականում լավացրել են նախկինում եղած պայմանները:

Տիգրան Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար - Վարկի առավելագույն չափը 1.8-ից դարձրել ենք 3 մլրդ, մարման ժամանակը՝ 18 ամսից դարձրել 24 ամիս:

Մեկ այլ փոփոխությամբ՝ կոնյակ և կոնյակի սպիրտ արտահանողների՝ մինչև տարեվերջ վճարած պետտուրքը վերադարձվելու է: Նոր հոսքագիծ, սարքեր ձեռք բերելու համար վերամշակողների արտոնյալ պայմաններն էլ ավելի են ընդլայնել: Ամեն ինչ անում են, որ մթերած խաղողի դիմաց գործարանները գյուղացուն պարտք չմնան. ծրագիրն առաջին հայացքից է միայն բիզնեսին աջակցում, ասում է նախարար Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար - Գումարները ֆինանսական ստանում են ոչ թե կազմակերպություններն, այլ գյուղացիները, որոնք խաղող են վաճառել մթերողներին:

Արտատերերի համար պետությունն արդեն վերսկսել է ցորենի որակյալ սերմացուի մատակարարման ծրագիրը: 

Տիգրան Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար - Եթե գնորդը և մատակարարը պայմանավորեն որ այդ կգ-ը վաճառում է 230 դրամով, դրա 70 դրամը կվճարի պետությունը:

Ի դեպ, ասուլիսից շատ չանցած, նախարարի մամուլի խոսնակը սոցցանցում գրեց՝ դիմակը մի պահ մոռացած Տիգրան Խաչատրյանին ոստիկանությունը տուգանել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում