Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չկա. սպասում ենք 9 թեստի պատասխանին. Փաշինյան

ԳԳևորգ Թոսունյան

«Հայաստանում երեկվանից կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չի արձանագրվել»,- ամփոփելով կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի նիստը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկվանից իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չունենք: Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է: Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստի պատասխանի, և լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք. հույս ունենք, որ չեն հաստատվի: Եթե հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք, որևէ խուճապի առիթ չպետք է լինի, որովհետև արձանագրենք, որ սա մի հիվանդություն է, որը  հաղթահարելի է:

Առայժմ մեր միակ ախտորոշված դեպքն այնպիսի ընթացք ունի, որ նույնիսկ նա չի բուժվում հիմա. ոչ մի բողոք, ախտանշան, ընդհուպ ջերմություն չունի: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում սենյակում հեռուստացույց է նայում: «Գոլդեն Փելես» հյուրանոցի մեր ժողովրդից որևէ մեկի մոտ այս պահին հիվանդության ախտանշան ի հայտ չի եկել, ջերմություն չունեն, ինքնազգացողության վատացում չունեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ 9 կասկածելի դեպքն էլ կթեստավորեն: Եթե առաջին պատասխանը լինում է դրական՝ կրկնակի թեստավորում նույնպես արվում է: 

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին՝ խուսափել բեռնափոխադրումների համար Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխվելուց և բեռներ ներկրելուց: Հորդորեց  խուճապային գնումներ չանել, թեև որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ կա: Մասնավորապես, անդրադառնալով դիմակների դեֆիցիտին, վարչապետն ընդգծեց, որ այդ խնդիրն ամբողջ աշխարհում կա:

«Կան ընկերություններ, որ պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում  է տեղի ունեցել, նրանք մտավախություն ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ: ՏՄՊՊՀ-ն աշխատում է նրանց հետ, և պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի մեր շուկայում»,- ասաց վարչապետը՝ չբացառելով, որ  դիմակների նոր խմբաքանակները շուկայում հայտնվելիս  ենթադրվում է, որ որոշակի  գնի բարձրացում կարձանագրվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում