Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն կատարվել Թեհրանի առաջադրած յոթ պայմանները։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ պատրաստ են արձագանքել ԱՄՆ-ի հնարավոր հարձակումներին: «Եթե հակառակորդը սխալ թույլ տա, մենք պատրաստ ենք վճռական պատասխան տալ՝ այնպիսի պատասխան, որը կարող է նույնիսկ փոխել պատերազմի աշխարհագրությունը», - նշել է իրանցի պաշտոնյան։
Իրանն ավելի վաղ յոթ պայման էր առաջադրել Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու և Հորմուզի նեղուցը բացելու համար։ Դրանց թվում են բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, Իրանի ծովային շրջափակման վերացումը և իրանական ակտիվների ապասառեցումը։
ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ տնտեսական արշավն այնքան արդյունավետ է, որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու կարիք չկա։
Այս ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են, որ վերջին ժամերին Հորմուզի նեղուցով անցնելիս ականների վրա երեք լցանավ է պայթել:
Ըստ իրանական կողմի՝ նավերը խախտել են Թեհրանի սահմանած կանոնները:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:













