Պետությունը խրախուսում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, բայց նաև արդարությունը վերահսկող նորմ սահմանում: Շրջանառության դրված նախագծով առաջարկվում է գործող 24-ի փոխարեն տարեկան մինչև 50 միլիոն դրամի շրջանառություն ունեցող բիզնեսները դիտարկել որպես միկրո-ձեռնարկատիրություն ու ազատել հիմնական հարկերից: Սակայն, պարբերական խախտումներ անողները, օրինակ, ՀԴՄ կտրոն չտրամադրողները, առնվազն հինգ տարով կզրկվեն արտոնություններից:
Ըստ կանխատեսման՝ այս փոփոխություններից հետո բյուջեի եկամուտները կնվազեն 7.2 մլրդ դրամով: Այդուհանդերձ, օրինագիծը հեղինակած ֆինանսների նախարարությունը կարևոր է համարում փոքր ընկերություններին աջակցությունը: Փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիան ունի որոշ առարկություններ, բայց հիմնականում ողջունում է պետության նախաձեռնությունը: Անկախ տնտեսագետներն էլ դրական են գնահատում փոփոխությունը, մատնանշում, որ գործող շեմը սահմանվել է ութ տարի առաջ, ինչից հետո գնաճային և այլ էական փոփոխություններ են եղել:
Օրենսդրական նոր նախաձեռնության վերաբերյալ մասնագիտական գնահատականներն ու առաջարկները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում:













