Խաղաղությունը չի կարող հետաձգվել, քանի որ այն արդեն հաստատված է, եթե չեք նկատել՝ արդեն տևական ժամանակ։ Եթե կապեր ունեք մարդկանց հետ, ովքեր սահմանամերձ շրջաններում են ապրում կամ ազգականներ ունեն, ովքեր ծառայում են բանակում, մի հատ հարցրեք։ Այդ խաղաղությունը կա, և այդ խաղաղությունն այն աստիճանի է գործում, որ առևտուր կա Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկկողմ․ նրանց տարածքով բեռներ են անցնում դեպի Հայաստան և Հայաստանից։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին։
«Հիմա՝ խաղաղության պայմանագրի մասով։ Որևէ հետաձգում չկա։ Եթե նայեք Հայաստանի կառավարության՝ այս հարցի վերաբերյալ ասած բոլոր հնարավոր մտքերը, նույնիսկ մինչև պայմանագրի նախաստորագրումը, նույնիսկ մինչև տեքստի համաձայնեցման պահը, կնկատեք, որ մենք ասել ենք՝ վայրկյան առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման տեղը և վայրը։
Վարչապետի կողմից եղել է հայտարարություն, որ սա մեր քաղաքական առաքելությունն է։ Վարչապետն անձամբ ասել է՝ սա իմ քաղաքական առաքելությունն է մինչև մեր մանդատի ավարտը։ Ժողովուրդը մեզ ընտրել է 5 տարով, և հիմա մենք ունենք հանձնառություն՝ մեր մանդատի շրջանակներում ապահովելու խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Բայց դա էլ բավարար չի եղել։ Մենք էլի ենք հայտարարել, որ պատրաստ ենք օր առաջ ստորագրել։ Դա կլինի 2027 թվականին, դա կլինի 2026-ի վերջին։
Հիմա հարցի մյուս կողմը։ Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը կապում է որոշակի իրադարձության հետ։ Սա կարող է տեխնիկական նրբություն թվալ, բայց շատ կարևոր նրբություն է։ Ադրբեջանը բանակցային գործընթացում մեր առջև այս պահանջը կամ պայմանը չի դնում։ Իրենք ասում են՝ գիտե՞ք, մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի։ Ոչ թե ասում են՝ գնացեք փոխեք ձեր Սահմանադրությունը, այլ ասում են՝ չենք ստորագրում։
Սա իրավիճակ է, որը, չկիսելով իրար մոտեցումները, պետք է հաշվի առնենք։ Մենք էլ դրանից հետո կրկին ասում ենք՝ պետք է ամեն ինչ անենք, որ ստորագրենք։ Սա քաղաքական օրակարգ է ՀՀ-ում։ Ես էլ եմ առիթ ունեցել ասելու, որ պետք է միասին մտածենք՝ համագործակցաբար այս ճանապարհն առնվազն սկսելու մասին»,– նշեց Միրզոյանը։













