Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում անիմաստ են խոսում կորցրած տարածքների մասին, քանի որ դրանք, Կրեմլի ղեկավարի ձևակերպմամբ, պատմական Ռուսաստանի տարածքներն են։
Նա հերթական անգամ կրկնել է՝ Մոսկվային վերջնական կարգավորում է պետք, այլ ոչ ժամանակավոր հրադադար: Պուտինը նաև մեղադրել է եվրոպական երկրներին՝ հակառուսական արշավ ծավալելու և Մոսկվայից բխող սպառնալիքների մասին խոսելու համար:
«Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելը և ռազմավարական պարտություն պատճառելն անհնար են: Ավելի լավ է բարեկամություն անել Ռուսաստանի հետ»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով՝ անհասկանալի է՝ ինչու պետք է տարբեր երկրներ վճարեն և օգնություն տրամադրեն Ուկրաինային՝ հակամարտությունը շարունակելու համար:
«Ուզո՞ւմ են պատերազմել։ Իսկ մենք չենք ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ։ Բայց եթե նրանց ղեկավարությունը ցանկանում է, թող շարունակեն»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:
Նրա խոսքով՝ Մոսկվան հենց առաջին օրերից հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ «Հիմա էլ պատրաստ ենք բանակցելու և ելքեր փնտրելու այս ծանր, բարդ իրավիճակից։ Բարդ՝ այն իմաստով, որ ուկրաինացիները մեր մտերիմ ժողովուրդն են: Գենետիկական վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում մենք մեկ ժողովուրդ ենք»,- շարունակել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ Մոսկվան և Կիևը կարող են պայմանավորվել: «Բայց եթե ինչ-որ մեկը ցանկանում է այլ կերպ, կլինի այլ կերպ: Ամեն դեպքում կլուծենք մեր խնդիրները, հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրագործվեն»,- նախազգուշացրել է Պուտինը։
Նա մեկնաբանել է Սպիտակ տան բանագնացի հետ վերջին հանդիպումը, հայտնել, որ պայմանավորվել են վերսկսել եռակողմ բանակցությունները՝ քննարկելու խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո Ուկրաինային և Ռուսաստանին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները և ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:











