«Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շատ հաջող զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահի խոսքով համաձայնության են եկել, որ Ռուսաստանն անմիջապես ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք կմատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներ, ևս 500 000 տոննա ռուսական դիզելային վառելիք կմատակարարվի նոյեմբերին, իսկ անմիջապես դրանից հետո՝ 1 միլիոն տոննա։ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության և Մոսկվայի հետ համաձայնագրի շնորհիվ դիզվառելիքի գինն ամերիկացիների և աշխարհի համար կնվազի ռեկորդային տեմպերով։ Թրամփի հայտարարությունից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պետության ղեկավարի հանձնարարությամբ ժամանակավոր լիցենզիա է տրամադրել, որը թույլատրում է ռուսական դիզվառելիքի մատակարարումը համաշխարհային շուկա։ Լիցենզիայի համաձայն՝ թույլտվությունն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։
Թրամփի հետ հեռախոսազրույցը մեկնաբանել է նաև Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ մեծ ուշադրություն են դարձրել երկկողմ հարաբերություններին, ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրա կարգավորման հեռանկարին, անդրադարձ է եղել Իրանի շուրջ զարգացումներին։ Էներգետիկ ոլորտի վիճակը քննարկելիս ռուսական կողմը վերահաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը, ընդգծել է Կրեմլի ղեկավարը։ Նրա խոսքով՝ պայմանավորվել են նաև շարունակել տարբեր ծառայությունների մակարդակով երկկողմ շփումները։
Հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի օգնականը։ Յուրի Ուշակովը նշել է, որ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը Կիևին մեղադրել է էսկալացիայի և հակամարտությունը ձգձգելու համար։ Թեև նախագահների նախորդ զրույցի ընթացքում քննարկվել էր ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, այժմ իրավիճակն այլ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի տարածքին ուկրաինական հարվածները, մանրամասնել է Ուշակովը։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը խոստացել է Կիևին փոխանցել Պուտինի հետ զրույցի արդյունքները։
Նախագահների շփումը բովանդակալից էր, կասեի՝ բարեկամական։ Այն տևեց մեկուկես ժամ, նրանցից ոչ մեկը չէր ցանկանում առաջինն անջատել հեռախոսը, եզրափակել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ Կրեմլի խոսնակն էլ հայտնել է, որ Պուտինը Թուրքմենստանում Իրանի նախագահի հետ զրույցից հետո և Մասուդ Փեզեշքիանի համաձայնությամբ Թրամփին է փոխանցել ԱՄՆ-Իրան հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ Թեհրանի տեսակետը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։












