Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը, անդրադառնալով Շաքիի դեպքին, հետաքրքրվեց. «Հնարավո՞ր է շուտով հանդես գաք հայտարարությամբ՝ դատապարտելով Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանին, որը հերոսաբար և անձնազոհաբար պաշտպանում էր իր երեխաներին և, փաստացի, թշնամու կրակոցին պատասխանել է, վիրավորել է նրան և ինքնապաշտպանվել է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դեպքին, նախ տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ ՀՀ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն. «Տունը, որտեղ մտել է ադրբեջանցի զինվորը, մարդիկ այնտեղից առնվազն մի քանի օր բացակայել են: Հետո երեխաները եկել են, տեսել են, որ տանն օտար մարդ կա, զանգել են մայրիկին ասել են, որ տանն օտար մարդ կա: Մայրիկը զանգել է ոստիկանություն, բայց գյուղ տեղ է, մինչև ոստիկանությունը հասնի… Բայց փաստն այն է, որ մայրիկն ավելի շուտ է տեղ հասել, որովհետև տան մոտից է զանգել, բնականաբար, նույն գյուղի մեջ:
Էլի եմ ասում, պետք չէ պատմությունը դարձնել… դա սովորական կրիմինալ իրավիճակ է: Եվ եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա»:
Փաշինյանը նաև նկատեց, որ մայրական բնազդն ամեն ինչից ուժեղ է, բայց եթե ոստիկանություն են զանգում, ապա պետք է սպասել ոստիկանության գործողություններին:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ ՀՀ-ում սահմանի ապօրինի հատման համար բազմաթիվ դատապարտված անձինք կան. «Աշխարհում չկա այնպիսի սահման, որի ապօրինի հատման փաստեր անընդհատ տեղի չեն ունենում»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։













