Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը Դաշնությունից՝ ասված է Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մոսկվան չունի որևէ ծրագիր և իրական դրդապատճառ Եվրոպայի հետ հարաբերությունները սրելու համար: Կրեմլի համոզմամբ՝ «ռուսական սպառնալիքի» մասին հայտարարություններն արվում են՝ արդարացնելու Եվրոպայում պաշտպանական ծախսերի ավելացումը և Ուկրաինային աջակցությունը:
Միևնույն ժամանակ, ռուսական կողմը պնդում է, որ Արևմո՛ւտքն է սպառնալիք ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ՆԱՏՕ-ից արձագանքել են, շեշտելով՝ պաշտպանական դաշինք են, որի նպատակն է հակազդել անդամ երկրների անվտանգությանը սպառնացող վտանգներին: Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ոչ մի վարժանք կամ գործողություն սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի տարածքի համար։
Դաշինքը նաև կոչ է արել Մոսկվային՝ զերծ մնալ ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ անզգույշ վարքագծից, դադարեցնել միջուկային անպատասխանատու հռետորաբանությունը և վերջ տալ Ուկրաինայի դեմ պատերազմին։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան













