Էլեկտրոնային գործիքի միջոցով ԿԳՄՍՆ-ն հնարավորություն կունենա տեղեկատվական շտեմարանում կատարել տեղեկատվության մուտքագրում. նախագիծ

ԿԿարմեն Ղուկասյան

Էլեկտրոնային բազաների ինտեգրացիայի արդյունքում առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային գործիք, որի միջոցով լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, հնարավորություն կունենա էլեկտրոնային գործիքի միջոցով տեղեկատվական շտեմարանում պատմական, մշակութային հուշարձանների վերաբերյալ կատարել համապատասխան տեղեկատվության մուտքագրում՝ օգտագործելով թվային գործիքներ: Այս մասին այսօր խորհրդարանում տեղեկացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Սուրեն Թովմասյանի խոսքով՝ կստեղծվեն լայն հնարավորություններ Կադաստրի կոմիտեի տարածական տվյալների շտեմարանում. ԿԳՄՍ նախարարությունը հնարավորություն կունենա պատմական, մշակութային հուշարձաններն արտապատկերել նշված բազայում:

Նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած հողատարածքների ու պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի նույնականացնել և հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների և պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Անդրադառնալով կադաստրի համակարգում թվայնացման գործընթացին՝ Սուրեն Թովմասյանը նշեց՝ 2024 թվականի տարեկան ամփոփ տվյալներով Կադաստրի կոմիտե ուղղված շուրջ 950 հազար ընդհանրական դիմումների մոտավորապես 43-44 տոկոսն արդեն ուղղված է եղել էլեկտրոնային համակարգերի միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում