ԼԼուսինե Մուրադյան

Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմաններն օրենսդրորեն կսահմանվեն. հարցը քննարկվել է ԱԺ-ում

Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմաններն օրենսդրորեն կսահմանվեն. հարցը քննարկվել է ԱԺ-ում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարությունն առաջարկում է սահմանել հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը, ինչպես նաև հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի հերթական նիստում՝ հարցը ներկայացնելով առաջին ընթերցմամբ քննարկման: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նշվել է, որ հեռավար աշխատանքը սկսել է գործել դեռևս 1980-ականներից, կիրառվում է ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում: Ըստ փոխնախարարի՝ հեռավար աշխատանքը դրական ազդեցություն է ունենում արտադրողականության բարձրացման վրա:

Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ նախագծի ընդունմամբ գործատուները և աշխատողները կունենան ոչ պակաս բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները:

«Փոխադարձ համաձայնությամբ հեռավար աշխատանքը կներդրվի մասնավոր և պետական հատվածներում»,- ասել է փոխնախարարը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը, ողջունելով նախագծի ընդունումը, հետաքրքրվել է՝ ինչո՞ւ տարբեր խմբերի համար չեն սահմանվել առաջնահերթություններ և ի՞նչ է տալու օրենքի նախագիծը: «Արդյո՞ք լուրջ սահմանումներ ենք տալիս օրինագծով»,- հարցրել է պատգամավորը:

Ի պատասխան՝  փոխնախարարը նշել է, որ առաջին հերթին հաշմանդամների համար նախագիծն ապահովելու է ներառականություն: Ըստ Ռուբեն Սարգսյանի՝ առաջնահերթություններ չեն սահմանվել մի պարզ պատճառով. սահմանվում է «համաձայնություն» հասկացությունը գործատուի և աշխատողի միջև:

Օրենքի նախագիծը դրական է գնահատել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ հեռավար աշխատանքը կիրառվել է դեռևս քովիդի շրջանում: «Այս նախագիծը հեռավար աշխատանքի կիրառումը դարձնում է առավել ճկուն»,- նշել է Արսեն Թորոսյանը:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը փաստել է, որ հարցը քննարկվել է Կառավարության գործընկերների և գործատուների հետ: Ըստ նրա՝ հեռավար աշխատանք կազմակերպելիս աշխատողը պետք է հասանելի լինի գործատուի համար: Նշվել է, որ որոշակի հարցեր կքննարկվեն ու իրենց լուծումները կգտնեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում