Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Ալավերդիում տեղի ունեցած սպանությունից

ԼԼուսինե Մուրադյան

Օգոստոսի 24-ին՝ ժամը 12.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում ստացվեց «Ալավերդի» բժշկական կենտրոնից: 1-03 զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի ճոպանուղու վերևի կանգառի մոտ դանակահարված տղամարդ կա:

Քիչ անց «Կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր» ախտորոշմամբ 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներ, սակայն ըստ բժիշկների` տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու. վիճակը ծանր էր:

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել կատարվածը: Առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում 62-ամյա մի տղամարդ իր այգում երկու ծանոթի հետ կերուխում էր արել բավական երկար: Անձնական հարցերի շուրջ վեճը ծագել և հանգուցալուծման է հասել կեսօրին մոտ: Այգու տերը դանակի երկու հարված է հասցրել 47-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ փորձելով սպանել նրան և դիմել փախուստի:

Դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում:

Մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 15.43-ին հիվանդանոցից ստացվեց հաղորդում, որ Վասիլ Քիքանյանը մահացել է:

Ի վերջո, Լոռու մարզային վարչության և պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի գործընկերների հետ համատեղ միջոցառումների արդյունքում դանակահարողը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց ոստիկանության Թումանյանի բաժին:

Ժամը 21.25-ին նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում