Դեղորայքի բացակայության պատճառով հեմոդիալիզ ստացող ԼՂ պացիենտները բուժումը կշարունակեն ՀՀ-ում

ԼԼուսինե Մուրադյան

Դեղորայքի և բժշկական պարագաների բացակայության պատճառով հեմոդիալիզ ստացող հիվանդները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ տարհանվում են Լեռնային Ղարաբաղից: Մասնագետների գնահատմամբ՝ սա նրանց կյանքը փրկելու միակ տարբերակն է: Արդեն իսկ երեքի փոխարեն երկու սեանսի հետևանքով 2 մարդ վերականդանացման բաժանմունք է տեղափոխվել:

Քրիստինե Ավագիմյան (Ստեփանակերտի ՀԲԿ հեմոդիալիզի բաժնի վարիչ) - Շրջափակման հետևանքով մենք չենք կարող ապահովել դեղորայքի և անհրաժեշտ բժշկական սարքավորումների հիմնական համալրումը՝ կազմակերպելու համար հեմոդիալիզի սեանսները: Դրանով պայմանավորված՝ մենք ստիպված ենք հետագա բուժման նպատակով մեր հիվանդներին ուղարկել Երևան, հուսամ՝ ժամանակավոր:

​Վերջին օրերին հեմոդիալիզ ստացող 19 քաղաքացի Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան, ևս 10 բուժառուի տեղափոխումը կազմակերպվել է այսօր: 56-ամյա Հասմիկ Սիմոնյանը դժվարությամբ է հեռանում ընտանիքից, բայց այլընտրանք չունի՝ առողջությունը վտանգված է:

Հասմիկ Սիմոնյան (բուժառու) - Մի օրից էլ բերեն, հետ կգամ, մեծ ուրախությամբ:

​Սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող մարդկանց առողջությունը Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում վատացել է: Հատուկ սննդակարգին հետևելու հնարավորության բացակայությանն ավելացել է վառելիքի սղությունը՝ հեմոդիալիզի ստացման համար շրջաններից դժվարությամբ են հասնում Ստեփանակերտ: Տիկին Նինան ամուսնուն է ուղեկցում Երևան: 

Նինա Բադունց (խնամակալ) - Գնում եմ այն նպատակով, որ շուտ դեղերը կբերեն, մենք էլ կվերադառնանք մեր տուն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը կազմակերպում է փոխադրումը, ծանուցում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, որ ճանապարհին պատասխանատվություն չի կրում իրենց անվտանգության համար: Հուլիսի 29-ին Հակարիի կամրջի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո հեմոդիալիզ ստացող 10 հիվանդ հրաժարվել է մեկնելուց: 

Քրիստինե Ավագիմյան - Նրանց զգուշացրել ենք, որ մնալու են առանց բուժման: Նրանք գիտեն, թե ինչով կարող է ավարտվել այս ամենը, ցավոք: Բայց նման որոշում են կայացրել:

Վերա Հովսեփյանը մեկն է այն 10-ից, որը չի ուզում հեռանալ Լեռնային Ղարաբաղից: Չի թաքցնում՝ վախենում է, որ հետո անգամ հայրենի հողում ամփոփվելու հնարավորություն չունենա: 

Վերա Հովսեփյան (բուժառու) - Ես ուզում եմ գամված սայլակին՝ մեռնեմ այստեղ ու թաղվեմ իմ գերեզմանոցում:

Առկա ռեսուրսներով Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում հեմոդիալիզի ստացումը կարող են ապահովել ևս երկու շաբաթ: Տեղափոխված հիվանդների բուժումը կկազմակերպվի Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններում:

Հեղինակ՝ Լիլիթ Դանիելյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում