10 տոննա հրավառ նյութ, 3.5 մլրդի վնաս. «Սուրմալուի» աղետալի պայթյունի գործը առաջիկայում կուղարկվի դատարան
Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի տարելիցն է: 2022-ի օգոստոսի 14-ին ողբերգական դեպքի հետևանքով զոհվեց 16 մարդ, մեկն անհետ կորած է համարվում: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Որոշվել է 3 տնտեսվարողի մասով նյութերն ուղարկել դատարան: Պարզվել է, որ առևտրի կենտրոնի նկուղում տնտեսվարողները պահեստավորել էին ընդհանուր 10 տոննա հրավառ նյութ՝ առանց հատուկ պայմանների ապահովման:
«Սուրմալուի» աղետալի պայթյունի գործը առաջիկայում կուղարկվի դատարան, նախաքննությունը մեկ տարի անց ավարտվել է:
Ծովակ Մնացականյան (ԳԴ ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ) - Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ երեք տնտեսվարողների մասով քրեական վարույթի նյութերը պետք է առանձնացվեն և առանձին ուղարկվեն դատարան՝ հաշվի առնելով քննության ներկա փուլում հավաքված ապացույցները, և գալով էն եզրահանգման, որ վերջիններիս նկատմամբ մեղադրական եզրակացության ակտի կայացումը հավանական է:
Երեք տնտեսվարողներն էլ մեղադրանքը չեն ընդունում, նրանց պաշտպան Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ պայթյունը հրավառ նյութերից չի եղել: Ըստ Սարգսյանի՝ գործը բազմակողմանի չի քննվել:
Երեմ Սարգսյան (պաշտպան) - Կա նման փաստաթուղթ, որ եթե բոլոր հրավառական նյութերը, ինչ որ եղել ա, բոլորը միաժամանակ պայթեին, էդ ուժը բավարար կլիներ նման պայթյուն առաջացնելու համար: Բայց եկեք պատկերացնենք բոլորս, որ մի քանի արկղ հենց հիմա դնենք էստեղ հրավառության նյութեր, որոնք ստվարաթղթերով փաթեթված են, մեծ կրակ անենք, բոլորը միաժամանակ քցենք էդ կրակի մեջ, ձեր կարծիքով՝ էդ բոլորը միանգամից կպայթե՞ն, թե՞ ոչ:
Պաշտպանը աբսուրդ է համարում, որ 500 արկղ տարբեր տարածությունների վրա երկաթե տարաներով տարանջատված, արկղերի մեջ գտնվող նյութերը գրեթե միաժամանակ մի քանի վայրկյանի ընթացքում պայթեն: Իսկ Դատախազությունից նշում են՝ մեկ տարվա ընթացքում իրականացված քննությամբ պարզվել է, որ պահեստավորված 500 տուփ հրավառ նյութից յուրաքանչյուրը մոտ 20 կգ է եղել, ընդհանուր 10 տոննա, որը պահվել է պարտադիր պայմանների խախտումներով:
«Էս պայմանների պահպանված չլինելու պայմաններում պահեստային հատվածում պահպանվել են շատ մեծ քանակի հրավառ նյութեր, որոնք էլ ի վերջո բերել են նրան, որ տեղի է ունեցել պայթյուն: Երկու նախարարների հրամանների պայմանների պահպանումը հնարավորություն կտար ինչպես կանխել աղետալի իրավիճակը, այնպես էլ կանխել այդ աղետալի իրավիճակի մասշտաբները»:
Հրագործական արտադրատեսակների պահպանման համար հատուկ մետաղյա տաղավարներ պետք է ապահովվեին, հատուկ կարգով պատրաստված ամուր պատեր կառուցվեին, հրակայուն դռներ լինեին: Եվ այս բոլոր նորմերն ամրագրված են համապատասխան հրամաններով: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տնտեսվարողները վարձակալել են մեկ այլ պահեստային տարածք ևս՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարակից:
«Պարզվեց, որ այնտեղ ևս պահպանված չեն հրդեհային անվտանգության կանոնները, այնտեղ պահվում են մեծաքանակ արտադրատեսակներ, ինչը արդեն ճանաչվեց իրեղեն ապացույց, և համապատասխան որոշմամբ՝ կնիքվեցին և հանձնվեցին պատասխանատու պահպանության»:
Այս գործով հարցաքննվել է, բայց որևէ կարգավիճակ չունի «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերը, իսկ տնօրենը՝ Իրինա Մադաթովան, մեղադրյալ է, բայց ոչ այս պայթյունի գործով, այլ 2021-ի ապրիլին տեղի ունեցած հրդեհի դեպքով: Տուժողներ Վաչագան Եղոյանի և Արտավազդ Հայրապետյանի ներկայացուցիչ Ավագ Լալայանի խոսքով՝ իրավահաջորդները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն նաև պաշտոնյաները, այդ մասով միջնորդություն էր ներկայացվել քննիչին:
«Խնդրելով, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը քննություն իրականացնի և պարզի էն պաշտոնատար անձանց, ովքեր պարտավոր էին էդ խախտումները վերացնեին և թույլ չտային առևտրի կենտրոնի շահագործումը, մինչև խախտումները վերացնեին: Նշել եմ, որ կան բազմաթիվ պաշտոնատար անձինք, որոնք իրենց պարտականությունները չեն կատարել»:
Նշեց՝ միջնորդության վերաբերյալ քննիչից որևէ պատասխան չստանալուց հետո նրան բացարկ էր հայտնել, ինչը դատախզը մերժել էր: 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը առնվազն 16 մարդու կյանք խլեց, այդ թվում՝ մեկ հղի կնոջ և 5 տարեկան երեխայի, մեկ քաղաքացի անհետ կորած է: Մեկ տարի անց դեպքի վայրը դեռ սահմանազատված է, տարածքում ոչ մի աշխատանք չի իրականացվում: Պայթյունի դեպքով պատճառված վնասի չափը գերազանցում է 3.5 միլիարդ դրամը: Մայր գործով նախաքննությունը շարունակվում է 2 վարույթով՝ մեկը վերաբերում է 2021 թվականի ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, մյուսը՝ պայթյունից հետո՝ 2022-ի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած փլուզմանը: Ընդհանուր առմամբ՝ երեք վարույթներով էլ հարցաքննվել է մոտ 1000 անձ, տուժող ճանաչվել մոտ 200-ը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան













