ԼՂ-ում դժվարացել է անգամ քրոնիկ հիվանդներին դեղորայքի տրամադրումը

ԼԼիլիթ Սեդրակյան

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում արձանագրում են, որ դեղորայքի պակասի հետ գլուխ են բարձրացրել քրոնիկ հիվանդությունները: Տրանսպորտ չլինելու հետևանքով հիվանդները դիմում են բավականին ուշացումով, նաև թերսնումը դարձել է նոր հիվանդության պատճառ: Այժմ արդեն ռիսկային է բուժառուների Հայաստան տեղափոխումը, հաճախ նրանք հրաժարվում են՝ աչքի առաջ ունենալով Կարմի խաչի ուղեկցությամբ Երևան ուղևորվող բնակչի առևանգման փաստը:

Լեռնային Ղարաբաղում դեղորայքի պակասն օր օրի սրում է իրավիճակը: Հունիսի 15-ից Ադրբեջանը Հակարիի կամրջի ապօրինի անցակետում կասեցնում է հումանիտար բեռնափոխադրումները: Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում փաստում են՝ թերսնման պատճառով մի շարք հիվանդություններ բարդանում են:

ԳՐԻԳՈՐԻ ԱՌՍՏԱՄՅԱՆ (Ստեփանակերտի ՀԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ) - Տարբերությունն ակնհայտ զգում ենք, որովհետև պայմանավորված և՛ թերսնուցմամբ, և՛ եղած մթերքների չարաշահմամբ, մի շարք սպեցիֆիկ հիվանդություններ են զարգանում: Եվ, բնականաբար, մենք դեռ փորձում ենք վերականգնել այդ խնդիրները, բայց ինչքան կտևի դա, դժվարանում եմ արդեն ասել:

Լեռնային Ղարաբաղի բոլոր հիվանդանոցներում դադարեցված են պլանային վիրահատություններն ու հետազոտությունները: Առողջապահական համակարգի հնարավորություններն այնքան սուղ են, որ երեխաների անվճար դեղորայքային ապահովման գործընթացը կատարվում է մասամբ:

Ստելլա Համբարձումյան (Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրենի պոլիկլինիկայի գծով տեղակալ) - Կարողանում ենք ապահովել երեխաներին էպիլեփսիայի դեղորայքի լրիվ ծավալով, բրոնխալ աստման և շաքարային դիաբետը:

Պահանջված դեղերը նաև դեղատներում են բացակայում՝ ասում են մանկաբույժները:

Ստելլա Համբարձումյան - Վիտամին D-ն, որ երեխաները նորածնային շրջանից մինչ այժմ ստանում էին մեզ մոտ մինչև մեկ տարեկանը պարտադիր, հիմա չունենք, և դեղատներում էլ միշտ չէ, որ գտնում են: Նույնը վերաբերում է հակաբիոտիկներին, նույնը նկատվում է ջերմիջեցնողների պարագայում, դժվարությունները շատ են:

Դեղորայքի պակասի պատճառով հանրապետական բժշկական կենտրոնում քննարկում են հեմոդիալիզի բաժանմունքի հիվանդների Երևան տեղափոխման հարցը: Հակարիի կամրջից Վագիֆ Խաչատրյանին առևանգելու ադրբեջանական քայլից հետո, սակայն հիվանդների մեծ մասը հրաժարվում է տեղափոխումից:

ԳՐԻԳՈՐԻ ԱՌՍՏԱՄՅԱՆ - Հրաժարվում են այլ քաղաքային բուժում ստանալուց և այո, հենց այդ բառերով՝ լավ է մեռնեմ իմ հողում, ինչքան կապրեմ, կապրեմ, քան հանկարծ թուրքը ինձ գերի վերցնի: Մանավանդ որ տարբեր խոսակցություններ արդեն գիտենք, և Կարմիր խաչը նույնպես, հանդիսանալով միջազգային կառույց, անհասկանալի է նրա դերակատարումը և դիրքորոշումը այս պարագայում:

Վառելիքի պակասով պայմանավորված հիվանդները Լեռնային Ղարաբաղում հաճախ բժշկի են դիմում բավականին ուշ: Նման դեպքերում առողջության վերականգնումը դառնում է ավելի դժվար:

Հեղինակ՝ Նարեկ Սահակյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում