Հոկտեմբերի գնահատումից հետո ՀՀ ԶՈՒ շարժական հոսպիտալը կարող է մասնակցել խաղաղապահ առաքելությունների

ՄՄայա Խաչատրյան

Հոկտեմբերին նախատեսվող գնահատման զորավարժության ժամանակ բարձր գնահատական ստանալուց հետո հայկական շարժական դաշտային հոսպիտալը կհայտավորվի որպես միջազգային խաղաղապահ առաքելության մեկնող միավոր: Այն արդեն հաջողությամբ անցել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դիտորդների գնահատման փուլերը: Դաշտային հոսպիտալը 44-օրյա պատերազմի ժամանակ մոտ 1200 վիրահատություն է իրականացրել: Միջազգային զորավարժությունները կարևոր են անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու համար:


Աննա Ալեքսանյան (ՀՀ ԶՈՒ շարժական դաշտային հոսպիտալի բուժքույր) - Սա մեր դաշտային շարժական վիրահատարանն է: Գործածվել ա պատերազմի ժամանակ, փորձել ենք, սահմանագծից ապահով վայրում ենք եղել, որ ընթացքից դուրս վիրահատություն անենք: STERRAD-ն է, որ արագ գործիքները լվացվեն:

Հայկական զինված ուժերի շարժական դաշտային հոսպիտալի բուժքույրը հիշում է 44-օրյա պատերազմի ժամանակ անձնակազմի օպերատիվ աշխատանքը: Շարժական հոսպիտալում կատարել են մոտ 1200 վիրահատություն: Աննա Ալեքսանյանը նշում է՝ գլխավոր նպատակը կյանքեր փրկելն էր: Կարևորում է անձնակազմի ձեռք բերած միջազգային փորձը:

Աննա Ալեքսանյան - Ես ինքս էլ շատ մասնակցել եմ դասընթացների, վերապատրաստվել տարբեր պրոֆիլների համար: Բուժակ, բժիշկ՝ կարող է իր բազմապրոֆիլ օգնությունը ցույց տալ: Վերապատրաստվել էի հոսպիտալի համար որպես անեսթեզիստ:

Շարժական դաշտային հոսպիտալը պարբերաբար մասնակցում է միջազգային զորավարժությունների ու դասընթացների՝ անձնակազմի մարտունակությունը բարձրացնելու, գիտելիքները խորացնելու համար: Բուժակները ստացել են հրահանգչի որակավորում՝ ոչ բժշկական անձնակազմի հետ պարապմունքներ անցկացնելու համար: Զինված ուժերի դաշտային շարժական հոսպիտալի հրամանատար Արմեն Ղազարյանը նոր է վերադարձել առաջիկայում սպասվող զորավարժության պլանավորմանը նվիրված դասընթացից:

Արմեն Ղազարյան (ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի հրամանատար) -  Այս տարի պատրաստվում ենք զորավարժության, որը կլինի նորից ինքնագնահատման մակարդակով: Նման վերապատրաստումների ու դասընթացների նպատակն է դաշտային հոսպիտալը բերել պատրաստ, մարտունակ վիճակի:

Հայկական զինուժի դաշտային շարժական հոսպիտալն արդեն անցել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դիտորդների գնահատման փուլերը: Այս տարի հոկտեմբերին նախատեսվող գնահատման զորավարժության ժամանակ կհաստատվի հայկական շարժական դաշտային հոսպիտալի միջազգային այդ գնահատականը: Ռազմաբժշկական ծառայության ղեկավարը եղել է շարժական հոսպիտալի առաջին հրամանատարը, հպարտությամբ նշում է, որ բոլոր միջազգային զորավարժություններում հոսպիտալն արժանացել է բարձր գնահատականի:

Գեղամ Փաշիկյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ) - Համոզված եմ, որ գնահատման զորավարժության ժամանակ հոսպիտալը դրսևորվելու է լավ կողմերով և արժանանալու է բարձր գնահատականի: Գնահատման ժամանակ դիտարկվում են հոսպիտալի կարողությունները, թե հոսպիտալը ստեղծված իրավիճակում ի՛նչ ուժեր և միջոցներ ունի համապատասխան խնդիրները լուծելու, և արդյոք համապատասխանո՞ւմ են կարողությունները միջազգային չափանիշներին: Վերջնանպատակն է, որ ունենանք միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու գնահատական և հոսպիտալը հայտավորել որպես միջազգային խաղաղապահ առաքելության մեկնող շարժական միավոր:

Շարժական հոսպիտալը ստեղծվել է 2016-ին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի աջակցությամբ: Հոսպիտալի ռազմական բուժանձնակազմը հաճախ վերապատրաստման դասընթացներն անցնում է հենց Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների մոտ:

Մանվել Ղուկասյան (ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի բուժակ) - Շատ զգոն, արագ տեղափոխվել, արագ կողմնորոշվել, արագ բացազատվել, ժամանակի մեջ տեղավորվել, ցանկացած վայրկյանը թանկ է ցանկացած սիտուացիայի համար:

Արմեն Ղազարյան -  Ունենք մոդուլներ՝ հավաքովի կառույցներ, որոնք կարճ ժամանակում կարող են դառնալ վիրասրահներ, վերակենդանացման բաժանմունքներ, ունենք պատրաստի գույք, որ համապատասխան հրահանգով կարող է դուրս բերվել տեղակայման վայր:

Ժամերի ընթացքում շարժական հոսպիտալը տեղակայվում է նախորոշված վայրում և ընդունում վիրավորներին և տուժածներին: Շարժական հոսպիտալն արդեն մասնակցել է միջազգային 4 զորավարժության: Անձնակազմն այժմ պատրաստվում է ևս մեկին՝ նախատեսված օգոստոսին:

Գեղամ Փաշիկյան - Դաշտային շարժական հոսպիտալի զարգացումը մեր ռազմաբժշկական ծառայության զարգացման մի մասն է կազմում, կարևոր նախադրյալ է հետագայում փորձի փոխանակման առումով մեր մասնագետները, բուժանձնակազմը, որոնք ներգրավված են շարժական հոսպիտալի կազմում, իրենց փորձը վարժանքներից փոխանցում են անձնակազմին, կայազորային, կենտրոնական հոսպիտալների անձնակազմին, և դրա շնորհիվ մեր վարժվածությունը, պատրաստվածությունն ավելի են բարձրանում:

Շարժական դաշտային հոսպիտալից բացի, կայազորներում կան փոքր ծավալով շարժական բժշկական միավորներ, որոնք ևս ունեն արագ տեղաշարժի, ծավալվելու հնարավորություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում