Ճանկաթաղը պարբերաբար ադրբեջանական թիրախում է հայտնվում

ՀՀայկ Նավասարդյան

Շրջափակված Արցախը դժվար օրեր է ապրում: Ադրբեջանական նշանառության տակ սահմանամերձ գյուղերը սեփական կարիքները հոգալու համար փորձում են միրգ ու բանջարեղեն աճեցնել, սակայն օրեցօր ավելի է զգացվում դողորայքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը: Ճանկաթաղում այս օրերին խուսափում են դաշտեր դուրս գալ, հակառակորդը պարբերաբար թիրախավորում է անգամ բնակելի տները:

2020-ի պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքը սահմանային է դարձել: Բարձունքում ադրբեջանական հենակետեր են, որտեղից ամեն րոպե գյուղացիները սպասում են սադրանքի:

ՆԱՏԱԼՅԱ ՇԱՔԱՐՅԱՆ (Ճանկաթաղի բնակիչ) - Ճանկաթաղի այս բարձունքը գրավելուց հետո դիրք չեն գրավել, բայց դիրքից կրակոցներ լսվում է ամեն օր:

Հակառակորդի նշանառության, լիակատար շրջափակման պայմաններում փորձում են մրգի ու բանջարեղենի հարցում գոնե ինքնաբավ լինել՝ ասում են Դավթյանները:

ՋԱՄԱԼ ԴԱՎԹՅԱՆ (Ճանկաթաղի բնակիչ) - Այսօր այսքանն է, վաղը մեծ է լինելու: Այդպես շարունակ վերականգնվելու է գյուղական տնտեսական կյանքը:

Խանութների ցուցափեղկերն օրեցօր դատարկվում են: Տիկին Նուրվարդը ոչ այնքան սեփական բիզնեսի համար է տխուր, որքան երեխաների՝ անկատար ցանկությունների:

ՆՈՒՐՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ (Ճանկաթաղի բնակիչ) - Ամեն ինչի կարիք ունեն, հիմա ի՞նչ կա խանութում. դարակները դատարկ, սառնարանները՝ դատարկ, այդ է՝ մի կաթնամթերք ենք շաբաթը մի անգամ ստանում:

Գյուղի բուժքույրը նույնպես մտահոգ է: Հումանիտար բեռների բացակայության պարագայում դեղորայքն օրեցօր պակասում է:

ՍՎԵՏԼԱՆԱ ԻԽՏԻԵՐՅԱՆ (բուժքույր) - Մինիմալ քանալով, սահմանափակումներով ստանում ենք, քիչ քանակով դեռ կարողանում ենք ստանալ, բայց, օրինակ, այս վերջին ամիսը շաքարային դիաբետիկների դեղորայքի համար մի մասը եղել է, մի որոշ մասը չի եղել:

Ճանկաթաղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրազենից պարբերաբար կրակ է բացում: Վերջին օրերին հակառակորդի թիրախում բնակելի տներն են, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:

ՎԼԱԴՒՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (Ճանկաթաղի բնակիչ) - Առաջ եթե դիրքից դիրքի վրա էին կրակում, հիմա ընտանիքների, տների տանիքների վրա են կրակում: Բայց չնայած դրան՝ մենք մեր գյուղում, մեր տներում ապրում ենք՝ առանց վախի, առանց պանիկայի:

Առաքելյանների բնակելին ադրբեջանական մարտական դիրքի թիրախում է հայտնվել հունիսի 23-ին: Գնդակը վնասել է տանիքը:

ԶՈՐԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ (Ճանկաթաղի բնակիչ) - Այդ ժամանակ ես տանը չէի: Որ եկա տուն՝ 4:30-ի կողմերը, հարևանս ասաց, որ կպել է, բարձրացա, տեսա՝ ծակած:

Բնակիչների խոսքով՝ այս տարի ադրբեջանական կողմն ավելի ագրեսիվ է՝ այժմ այգում աշխատելը ռիսկի հարց է, գյուղտեխնիկայի օգտագործումը դաշտում՝ գրեթե անհնար:

ՎԼԱԴՒՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - Գյուղամիջյան տարածքում տղաներն ուզում են կարտոֆիլ ցանել կամ եգիպտացորեն, էլի կրակում են, խանգարում են: Բոլոր տեսակի աշխատանքներին խանգարում են՝ շինարարությանը, գյուղատնտեսությանը:

Հակառակ դժվարություններին՝ Ճանկաթաղում լավատես են, կդիմակայեն՝ ասում են գյուղացիներն ու մատնացույց անում համայնքի 13-րդ դարի եկեղեցին:

Հեղինակ՝ Նարեկ Սահակյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում