Բուժհաստատությունները փոխհատուցումներ կստանան մատուցած ծառայությունների իրական գներով

ԱԱնժելիկա Ժամհարյան

Քաղհասարակության ներկայացուցիչները որոշակի մտավախություններ ունեն համապարփակ առողջապահական ապահովագրության օրինագծի կիրարկման հետ կապված: Առողջապահության նախարարի խորհրդականը, մինչդեռ, փորձում է փարատել դրանք: Սամվել Խարազյանը հատկապես կարևոր է համարում, որ բուժհաստատությունները փոխհատուցում ստանալու են մատուցած ծառայությունների իրական գներով:

Առողջության ապահովագրության գաղափարախոսությունը, իհարկե, միանշանակ ողջունելի է, բայց մտահոգություններ կան կիրարկման հետ կապված. օրենքի նախագծի դրույթներն անձնակենտրոն չեն: Սա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիրքորոշումն է:

Սառա Ղազարյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ) - Օրինակ՝ նախատեսված է ի սկզբանե բուժհաստատությունների ընտրության սահմանափակում անձի կողմից: Չափորոշիչներ են սահմանվելու կամ սահմանված են, որոնց հիման վրա ընտրվելու են այն բուժկենտրոնները, որոնք ընդգրկվելու են ապահովագրական համակարգի մեջ: Որոշ կենտրոններ դուրս են մնալու:

Առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանի համոզմամբ՝ ընտրության չափանիշներ սահմանելը մտահոգության տեղիք չպետք է տա: Ըստ նրա՝ չափանիշներ եղել են միշտ, այդ թվում՝ բուժհաստատությունների հետ պետական պատվերի պայմանագրեր կնքելիս, ապահովագրության ներդրման դեպքում չափանիշների խստացումն ուղղված է բուժօգնության բարձր որակ ապահովելուն:

Սամվել Խարազյան (ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական) - Երբ որ մենք ակնկալում ենք, որ պետք է մասնակցի նաև քաղաքացին և որոշակի գումարներ պետք է վճարի ապահովագրավճարի տեսքով, այս դեպքում պետությունը կամ հիմնադրամը հնարավորություն է ստանում իրական ծախսերի և համապատասխան որակի ստանդարտների հիման վրա ձևավորված գներով փոխհատուցի այդ ծառայությունները, և բնական է այդ պահանջը ԲԿ-ներին, որ նրանք ապահովեն այդ ստանդարտների ծառայություններ:

Խարազյանի խոսքով՝ նույնական չափանիշները կնպաստեն նաև, որ մարզային բուժհաստատություններն այլևս չհամարվեն հերթապահ ու ոչ այնքան վստահելի:

Սառա Ղազարյան - Բոլոր այդ պնդումներին միանշանակ համաձայն եմ մեկ վերապահումով՝ երբ որ համակարգը կայացած է: Երբ որ կկայանա, անձը արդեն վստահություն կունենա համակարգի նկատմամբ, ու միանշանակ իր համար մեծ տարբերություն չի լինի որ բժշկին դիմել, քանի որ կունենանք ախտորոշումների, հիվանդությունների վարման միասնական ընթացակարգեր, միանշանակ ընդունելի է այս պնդումը:

Խարազյանը կարևորում է, որ բուժհաստատությունները ծառայությունների դիմաց փոխհատուցում ստանալու են իրական գներով: Հայտնի է, որ պետպատվերի դեպքում հաճախ էին դժգոհություններ լինում այդ անհամաչափությունից: Ապահովագրության հետ կապված էլ բուժհաստատություններում մտայնություն կար, որ փոխհատուցվող գումարը չի լինելու ծառայության շուկայական արժեքով ու գուցե որոշեն չմասնակցել ապահովագրական համակարգին:

Սամվել Խարազյան - Մենք ունենք արդեն հիմնական ծառայությունների հաշվարկված գները իրենց կառուցվածքով, այսինքն՝ թե ինչքան է կազմում դրա մեջ աշխատավարձը, դեղորայքի ծախսը և այլն: Պատրաստվում ենք այդ հաշվարկները ներկայացնել բոլոր բժշկական կազմակերպություններին, ովքեր նմանատիպ ծառայություններ իրականացնելու հնարավորություններ ունեն, և իհարկե քննարկել, եթե նրանց կողմից կբարձրացվեն հարցեր:


Գները հաշվարկվում են հստակ մեթոդաբանությամբ ու չափելի ծախսերի հիման վրա, շուկայական գինը կարող է ձևավորվել նաև՝ բուժհաստատության ենթակառուցվածքներն ու բժիշկների հեղինակությունը հաշվի առնելով:

Իսկ արդյոք ապահովագրության ներդրմանը զուգահեռ առողջապահական համակարգը նախապատրաստելու աշխատանքները հնարավոր կլինի ժամանակին ավարտել: Խարազյանը կարծում է՝ չհասցնելու դեպքում նախարարությունը կհայտարարի ժամկետները հետաձգելու մասին, որովհետև բարեփոխումն ինքնանպատակ չէ:

ՍԱՄՎԵԼ - Բայց այն բոլոր ժամանակացույցները, միջոցառումները, որոնք նախատեսված են համակարգի փուլային ներդրումն ապահովելու համարն դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքներն ինտենսիվ ընթանում են:

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Կառավարության հաստատմանը, որից հետո ճամփա կընկնի Ազգային ժողով: Օրենքն ընդունվելու դեպքում առաջին փուլով՝ 2024-ի հուլիսի 1-ից, կգործի ներկայում պետական պատվերից օգտվող քաղաքացիների համար: Նրանց ապահովագրավճարը, որը տարեկան մոտ 165 հազար դրամ է նախատեսված, կփոխհատուցվի պետական բյուջեից: Ըստ նախագծի՝ ապահովագրական համակարգն ամբողջությամբ պետք է գործի 2027-ի հուլիսի 1-ից:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում