Սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման օրը և վայրը դեռ հայտնի չեն. փոխվարչապետ

ԼԼիլիթ Դանիելյան

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերի հանձնաժողովների աշխատանքային հանդիպում անցկացնելու՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր Գրիգորյանը նշել է, որ, ենթադրաբար, հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս:

Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում. հայտնել է Հայաստանի փոխվարչապետը: Նման առաջարկ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին ուղարկել էր հունիսի 17-ին: Նշվել էր, որ նպատակն է քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք լարվածություն են առաջացնում հայ-ադրբեջանական սահմանին:

Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Հանդիպման վայրի, ժամի մասով դեռ պայմանավորվածություն չկա, բայց, ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս:

Սահմանազատման հանձնաժողովները մինչև օրս ընդամենը երեք հանդիպում են ունեցել: Առաջինը 2022-ի մայիսի 24-ին Երասխ-Նախիջևան հատվածում, երկրորդը կայացել է Մոսկվայում օգոստոսի 30-ին, իսկ վերջինը՝ Բրյուսելում նոյեմբերի 3-ին:

ԱՆԴՐԱԴԱՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ

Գրիգորյանն անդրադարձել է նաև տարաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի աշխատանքներին: Հունիսի 2-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խմբի 12-րդ նիստից հետո հայկական կողմը հայտարարություն տարածեց, որ էական առաջընթաց է արձանագրվել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Փոխվարչապետի խոսքով՝ հիմնական կոնսենսուսը Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործման վերաբերյալ է եղել:

Մհեր Գրիգորյան  - Կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը, խոսակցությունը երկաթգծի մասին է, կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկաթգիծը անցնում է: Դա էլ է շատ կարևոր և ֆունդամենտալ համաձայնություն, մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ բացի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա:

Հարցին, արդյոք Բաքուն համաձա՞յն է Երևանի այս դիրքորոշմանը, Մհեր Գրիգորյանը հստակեցրեց՝ իրավազորության և ինքնիշխանության ձևաչափից դուրս ապաշրջափակման հարցը հայկական կողմը չի քննարկում:

Մհեր Գրիգորյան - Եվ եթե, այնուամենայնիվ, կան քննարկումներ, հանդիպումներ, նշանակում է, որ էդ ընկալումը կիսում են բոլոր մասնակիցները, առնվազն՝ եռակողմ աշխատանքային խմբի հարթակի:

Գրիգորյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, նշել՝ պաշտոնական Երևանը բազմիցս հրապարակային անդրադարձել է խնդիրներին, իսկ արդյոք ԱԽ նիստում քննարկվե՞լ է կառույցին անդամակցությունը սառեցնելու հարցը, Գրիգորյանը չի հստակեցրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում