Մայիսի 9-ի միջոցառումները Ստեփանակերտում սկսվել են հարգանքի տուրքով

ՆՆարեկ Սահակյան

Մայիսի 9-ը արցախցիների համար խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Պաշտպանության բանակի կազմավորումը: Օրվա միջոցառումները Ստեփանակերտում սկսվել են հարգանքի տուրքով: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում:

Տոնի առիթով հղած ուղերձում նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այսօր նորից համազգային միասնությունը դարձել է օրվա հրամայական, և Ճանապարհը մեկն է:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով ու վճռականությամբ: Այդ նպատակին պետք է ծառայեն բոլորիս ջանքերը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:

2020 թվականի պատերազմի հետևանքները չեն կարող արժեզրկել մայիսի 9-ի խորհուրդը՝ ասում է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների և անհետ կորածների հարազատների միության նախագահը:

Ստեփանակերտի մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ Հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների:

Հոգեհանգստյան կարգից հետո հազարավոր քաղաքացիներ մասնակցել են Արցախի թեմի խաչերթին: Այն խորհրդանշում է արցախցիների միասնությունն ու քրիստոնեական հավատքը: Այդ նույն միասնությամբ պետք է հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ համոզված է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Իվան Պողոսյանը:

Իվան Պողոսյան (Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բառերի ժամանակը չէ, հիմա գործերի ժամանակն է՝ ռեալ, ամեն մեկը իր տեղում, իր ոլորտում, իր բնագավառում անի այն, ինչ ինքը կարող է, և անել ավելին: Այսօր այն պահն է, որ չպետք է մտածենք, թե ինչ կարող է անել պետությունը մեզ համար, մենք պետք է մտածենք՝ ինչ կարող ենք անել մենք երկրի համար:

Այսօր ժամը 12-ին Արցախում հայտարարված էր լռության րոպե: Բոլորը մեկ մարդու պես՝ անկախ գտնվելու վայրից, հարգել են Արցախի ազատության համար ընկածների հիշատակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում