Ամռանը նախատեսվում է կազմակերպել տեխնոլոգիական ճամբար ավագ դպրոցի աշակերտների համար

ՄՄարիա Գաբրիելյան

«Տեխնոլոգիական ճամբար»՝ ավագ դպրոցի աշակերտների համար. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի աշակերտները հնարավորություն կունենան ուսումնաճանաչողական ծրագրի ընթացքում՝ տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում խորացնել իրենց գիտելիքները, կատարելագործել հմտությունները:

Հրանտ Մկրտչյան (ՀՀ ԲՏԱ ծրագրերի վարչության պետ) - Ծրագրի նպատակն է ավագ դպրոցի երեխաների շրջանում բարձրացնել թվային հմտությունների գիտելիքի մակարդակը և կողմնորոշել ապագա մասնագիտության հարցում:

Այս տարի պիլոտային ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի մարզի Կութ, Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի աշակերտների համար:

Հրանտ Մկրտչյան - Այս տարի իրականացվող ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո կարող ենք խոսել նաև ծրագրի շարունակական լինելու մասին, որը կիրականացնենք` արդեն ներգրավելով ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը:

Պատասխանատուները նշում են՝ փորձնական ծրագրի արդյունքներից հետո «տեխնոլոգիական ճամբար» ծրագիրը գուցե ցածր դասարանի աշակերտների համար ևս իրականացվի:

Մինչև ծրագրի մեկնարկը մասնագետներն այցելել են նշված բնակավայրեր և իրազեկել 200-ից ավելի աշակերտների տեխնոլոգիական ճամբարի վերաբերյալ:

Հրանուշ Վարդանյան (ՀՀ ԲՏԱ ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ) - Ե՛վ թղթային, և՛ էլեկտրոնային հայտագրումը բովանդակությամբ նույնն է մասնագիտական հանձնաժողովը հայտագրման ավարտից հետո կիրականացնի գնահատում, և կընտրվեն 100 աշակերտներ, որոնք կմասնակցեն մեկշաբաթյա ամառային տեխնոլոգիական ճամբարին:

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կընտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:

Հրանուշ Վարդանյան - Սահմանամերձ բնակավայրում իրականացվող տեխնոլոգիական ճամբարը իրականացվելու է անվճար: Ծրագրի ընթացքում իրականացվող դասընթացները լինելու են և՛ տեսական, և՛ գործնական:

Մեկշաբաթյա ամառային տեխնոլոգիական ճամբարը կանցկացվի հուլիսի 24-ից 30-ը: Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Վայրը դեռ հստակեցված չէ:
 

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում