ԳԳոհար Սարգսյան

Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին

Հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի. Ավինյանը՝ Կորեայի ձոր թափվող շինաղբի մասին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Կորեայի ձոր լցվող շինարարական աղբի խնդրին ու նշեց, որ ահազանգեր է ստանում այս կապակցությամբ:

«Մենք նախկինում քննարկել ենք Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված աշխատանքները: Գրություն էինք ուղարկել ոստիկանություն, որին շատ արագ արձագանք էր եղել: Բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել»,- ասաց Ավինյանը:  

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց.

«Ձեր նամակից հետո ոստիկանությունը, պարեկային ծառայությունը շատ արագ արձագանքեցին: Այստեղ կայացել է խորհրդակցություն, աշխատանքների կազմակերպման սխեման քննարկվել է վարչական շրջանների ղեկավարների հետ: Առաջին ամսում այս աշխատանքներին տրվեց լայն թափ: Շինարարական թույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը:

Սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և  հողի վերահսկողության վարչության թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին զգաստություն, ինչպես եղավ հասարակական կարգի ծառայության ակտիվ գործունեության ընթացքում:

Վարչական շրջանների ղեկավարների հետ ունեինք պայմանավորվածություն, որ պարբերաբար պետք է իրականացնեն պարբերաբար հերթապահություն և ռեյդ: Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, բավականին թուլացրել են աշխատանքը վարչական շրջանների ղեկավարները, մարդիկ սկսել են առիթից օգտվել»:

Ավինյանի խոսքով՝ սա ամենամեծ խնդիրներից մեկն է, ու անհրաժեշտ է լրջորեն զբաղվել դրա լուծմամբ:

«Ստացվում է՝ մենք գիտենք խնդրի մասին ու չենք կարողանում դեմն առնել: Դա ամոթ է, ամոթ է մեզ բոլորիս: Այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի: Վստահ եմ, որ դրա ռեսուրսը մենք ունենք»,- ասաց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում