«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը աշնանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Թե ով կգլխավորի ընտրացուցակը, կուսակցության արտահերթ երրորդ համագումարում չեն շտապում փակագծեր բացել:

Վիգեն Մովսիսյան («Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ) - Մինչ հաջորդ համապետական ընտրություններ սա լինելու է մեր կուսակցության, մեր բոլորիս համար կարևոր ընտրական քննությունը:

Դատաիրավական համակարգի ներկայիս վիճակի մասին խոսելիս «Հանուն հանրապետության» կուսակցությունում նկատում են՝ գրեթե 5 տարի անց համակարգի վիճակը ծանրացել է, գործուն միջոցներ չեն ձեռնարկվում դատաիրավական համակարգը բուժելու համար:

Ըստ Վահագն Մարտիրոսյանի՝ ձեռնարկված միջոցները կիսատ են, սկզբունքային չեն և չեն կրում համակարգային բնույթ: Կուսակցությունում կարծում են, որ շոշափելի և հաստատուն արդյունքների հնարավոր է հասնել, եթե նախկին քաղաքական ռեժիմի գործունեությանը տրվի իրավական գնահատական:

Վահագն Մարտիրոսյան («Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ) - Անհրաժեշտ է ստեղծել նոր  բարձրագույն դատական ատյան՝ Գերագույն դատարան, իսկ ներկայիս Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները պետք է լուծարել:

Կուսակցականների ուշադրության կենտրոնում են դիվանագիտական հարաբերությունների ընդլայնմանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը:

Քաղաքական ուժի ղեկավարը հայտարարում է՝ պետք է թույլ չտալ Ռուսաստանին միջամտել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Արման Բաբաջանյանը նկատում է՝ հեղափոխությունը չի ավարտվել՝ ընդհատվել է:

Արման Բաբաջանյան («Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ) - Հեղափոխություն, որն ընդհատվեց համավարակի և Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի հետևանքով, իսկ այժմ իրադրության վրա ահռելի ազդեցություն ունեցող ուկրաինական պատերազմով: 2018-ի հայկական հեղափոխական գործընթացն ըստ էության շարունակվում է, ճակատային դերակատարներն էլ նույնն են՝ նախկին համակարգ և նոր իշխանություն:

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահը, խոսելով 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, նշեց՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը դեռ չի հաղթահարվել, և եթե ընտրությանը նախորդած ճգնաժամը պատերազմի հետևանք էր, ապա պատերազմն էլ հետևանք էր Հայաստանում եղած մեծ ճգնաժամի:

Արման Բաբաջանյանի հավաստմամբ՝ ճգնաժամը կշարունակվի այնքան, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել նաև լեգիտիմ ընդդիմության:

Արման Բաբաջանյան - Հայաստանում 1998 թվականից ի վեր չի եղել էֆեկտիվ քաղաքական ընդդիմություն, էֆեկտիվ ոչ միայն իշխանափոխության հասնելու, այլև նախևառաջ հասարակության հետ որակապես նոր հարաբերության, բովանդակային, մշակութային նոր խոսակցության և հաղորդակցության ներուժ պարունակող ընդդիմություն, որն իր մասնագիտական կարողություններով իրավիճակի որևէ փոփոխության պարագայում պատրաստ կլիներ համակարգված աշխատանքի:

Քաղաքական ուժի արտահերթ համագումարում կուսակցության նախագահ վերընտրվեց Արման Բաբաջանյանը, թիմն ընտրեց նաև քաղաքական խորհրդի և վերահսկող մարմնի անդամներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում