«Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընտրողների շարքերը ստվարանում են

ՀՀայկուշ Ասլանյան

Պաշտպանել հայրենիքը, ստանալ բարձր աշխատավարձ, բարելավել սոցիալական դրությունն ու զուգահեռ ստանալ բարձրագույն կրթություն: Սա հնարավորություն է, որը տալիս է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը՝ պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրացած ժամկետայիններին: Ծրագրի մասին իրազեկման հանդիպում էր կազմակերպվել Էջմիածնի մշակույթի պալատում:

Անդրանիկ Լալայան (Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ) - Մեծ հետաքրքրություն կա ծնողների կողմից ինչպես միջոցառմանը մասնակցելու, այնպես էլ՝ ծրագրի առումով:

Սա իրազեկման 2-րդ հանդիպումն էր. մասնակցում էին Վաղարշապատ, Փարաքար, Խոյ և Արաքս համայնքների զինծառայողների ծնողները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը փորձեց դրույթները ներկայացնել հնարավորին մատչելի: Ժամկետային ծառայության մեջ գտնվող երկվորյակ եղբայրների մորը «Պաշտպան հայրենյաց»-ը դուր եկավ:

Անուշ Բարսեղյան (ծնող) - Լավ ծրագիր է, ուղղակի պետք է տղաներն ընտրեն: Մենք չենք ուզում իրենց ստիպել:

Իսկ Ռոմիկ Բարսեղյանի որդին, որ բանակ է գնացել Ճարտարագիտականի առաջին կուրսից, ինքն է ծնողներին պատմել ծրագրի մասին: Ասել է, որ ուզում է մնալ և 5 տարի ծառայել բնակավայրին մոտ, նաև շարունակել ուսումը բարձրագույնում:

Ռոմիկ Բարսեղյան (ծնող) - Իր հայեցողությանն եմ թողել, ասել եմ՝ դու նայի, կարդա, լավ հասկացիր, ինչը անհասկանալի կլինի՝ կճշտես, նորմալ է: Թող նորմալ մարդ մեծանա:

«Պաշտպան հայրենյաց»-ի շահառուների թիվն աճում է՝ ասաց «Մարշալ Բաղրամյան» ուսումնական կենտրոնի սպան: Զինվորները օրական ութժամյա ծանրաբեռնվածությամբ ֆիզիկական, կրակային, մասնագիտական հմտություններ են ձեռք բերում, որ ատեստավորման քննությունն անսխալ անցնեն:

Գևորգ Պողոսյան («Մարշալ Բաղրամյան» ուսումնական կենտրոնի իրավաբան) - Ընդամենը 5 շաբաթ է, որ մեր մոտ են շահառուները, հիմա նրանց հետ կատարվում է ուսումնական ծրագրին համապատասխան պարապմունքներ, որ կարողանան ատեստավորումն անցնեն:

Ատեստավորումն ավելի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է: Թեև սոցիալական բաղադրիչը մոտիվացնող է, բայց Պաշտպանության նախարարության ներկայացուցչի կարծիքով՝ տղաները ծրագիրն ընտրում են հայրենիքին ծառայելու և պրոֆեսիոնալ բանակի ակունքներում լինելու գիտակցությամբ:

Հովիկ Թումասյան (ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության ներկայացուցիչ) - Պրոֆեսիոնալ բանակ միանգամից չի լինում, դա ընթացք է, բայց մեր բանակը պրոֆեսիոնալ է, մեր մենթալիտետն է այդպիսին. Ով իր ծնողին սիրում է, ինքն իր հայրենիքը պաշտպանում է: Իսկ պրոֆեսիոնալ բանակը հենց ընտանիքի սերն է, որ բերում է դրան: Մենք զինվոր ենք ծնվում, և անկախ նրանից՝ տղա է թե աղջիկ, զինվոր է դառնում, քանի դեռ մեր երկիրը խաղաղ չի ապրում:

Գնդապետ Թումասյանը զինվորների ծնողներին հետաքրքրող հարցերին պատասխանեց նաև ազատ շփման ձևաչափով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում