Թուրքիայում առաջիկա ամիսներին նախատեսվում է 30 հազար տուն վերակառուցել. Էրդողան

ԴԴիանա Գասպարյան

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ 30 000 ՏՈՒՆ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ. ԷՐԴՈՂԱՆ

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 3000 հետցնցում է գրանցվել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ երկրաշարժն ազդել է 500 կմ շառավղով տարածքի վրա, այն տևել է 2 րոպե, և համեմատելի է հարյուրավոր ատոմային ռումբերի պայթյունի հետ:

«Երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 35000 մարդ։ Փլատակներից փրկվել է 8 հազար բնակիչ: Տուժել է ավելի քան 81 հազար մարդ, նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից»,- տեղեկացրել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Թուրքիայի իշխանությունները նախատեսում են երկրաշարժից տուժած շրջաններում առաջին փուլում 30 հազար տուն վերակառուցել, գործընթացը կսկսվի մարտին։ Տեղական մամուլի տվյալով՝ Թուրքիայում երկրաշարժերից հետո անհրաժեշտ է ավելի քան 400 հազար բնակելի և արդյունաբերական շենք և շինություն կառուցել:

Լրատվամիջոցները, հղում անելով սեյսմոլոգներին և փորձագետներին, նաև նշում են, որ Թուրքիայի հարավ-արևելքում նույն ուժգնության երկրաշարժի հավանականությունը բացառվում է: Նրանց խոսքով՝ երկրակեղևի սալերի 3 մետրի տեղաշարժ է եղել, առաջացած ճեղքվածքը առնվազն 250 կմ է:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՈՎ ԿԱ ՇՈՒՐՋ 6000 ԶՈՀ

Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 6000 մարդ: Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ ավարտել են որոնողափրկարարական աշխատանքները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ տեղեկացրել է, որ Սիրիային օգնելու համար շուրջ 400 միլիոն դոլարի մարդասիրական հայտ է ներկայացրել: Անտոնիու Գուտերեշը հավելել է՝ Թուրքիայի համար նմանատիպ հայտի մասին կհայտարարվի շուտով:

Սիրիային մարդասիրական օգնության հարցը Գուտերեշը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի հետ:

Էնթոնի Բլինքենը նշել է՝ անհրաժեշտ է հեշտացնել Սիրիայում հումանիտար աջակցության հասանելիությունը, որպեսզի ՄԱԿ-ը և մարդասիրական կազմակերպությունները կարողանան օգնել փետրվարի 6-ից հետո տուժածներին: Պետքարտուղարն ընդգծել է, որ սիրիական կառավարությունը պետք է բացի Բաբ ալ-Սալամ և Ալ-Ռայի անցակետերը, անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համապատասխան որոշում կկայացնի:

Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները համաձայնել են սկզբնական շրջանում 3 ամսով բացել Բաբ ալ-Սալամ և Էլ-Ռայի անցակետերը, որոնցով Թուրքիայից մարդասիրական օգնություն կտեղափոխվի երկրի հյուսիս-արևմուտք: ՄԱԿ-ում արևմտյան պատվիրակությունները ցանկանում են այս իրողությունն ամրագրող բանաձև ընդունել: Ռուսաստանը, սակայն, նման փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չի տեսնում։

ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ

Մինչ այդ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում շարունակում են ցնցումներ գրանցվել:

ԶԼՄ-ների տվյալով՝ երկրաշարժեր են գրանցվել Կասպից ծովում, Վրաստանում, Ղազախստանում, Ռումինիայում և այլ տարածքներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում