Ջանֆիդայի դպրոցը նոր ջեռուցման համակարգ կունենա

ՀՀայկուշ Ասլանյան

Ջանֆիդա գյուղի դպրոցի ծանր օդը միանգամից հուշում է՝ դասասենյակները վառարաններով են տաքացվում: Ուսուցիչները, որքան էլ փորձում են կրակը թեժ պահել, սնդիկի սյունը 15 աստիճանից չի բարձրանում:

Պատահել է՝ անորակ վառելիքի պատճառով երեխաները գլխապտույտ ու սրտխառնոց են ունեցել:

Սիրանուշ Պետրոսյան (Ջանֆիդայի դպրոցի փոխտնօրեն) - Հոտը մեր հագուստների վրայից էլ է գալիս, բայց կարողանում ենք ուսումնական գործընթացը նորմալ կազմակերպել:

Առաջիկայում կրթօջախը հրաժեշտ կտա վառարաններին. պետությունը հրատապ խնդիրների լուծման ծրագրով միջոցներ է տրամադրել, որ դպրոցը սեփական կաթսայատուն ու ջեռուցման համակարգ ունենա, նաև՝ նոր պատուհաններ տեղադրի: Աշխատանքներին ծանոթանալու համար դպրոց է այցելել Արմավիրի մարզպետը:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Պատուհանները փոխել ենք, ջեռուցման համակարգն անցկացրել, մարզադահլիճի հետ կաթսայատունը գործարկենք, ջեռուցումը կլինի:

Մոդուլային մարզադահլիճի համար ավելի քան 3 մլն դրամ է հատկացվել: Շինարարությանը զուգահեռ նաև կաթսայատունն են կառուցում, որ ջեռուցման փորձարկումը մարզասրահից սկսեն:

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող դպրոցում սանհանգույցները ևս անմխիթար վիճակում են: Կրթօջախը, տնտեսած միջոցներով, կոյագիծն է փոխում, նոր սանհանգույցներ կառուցում: Տնօրինությունը հույս ունի, որ մինչև 2026 թվականը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով էլ ներքին հարդարումը կավարտեն:

Հակոբ Սրեյան (Ջանֆիդայի դպրոցի տնօրեն) - Թերի աշխատանք չի մնալու: Միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց ենք ունենալու:

Տարրական դպրոցի սաներն էլ վերջապես տաք սննդից կօգտվեն ոչ թե դահլիճում, այլ նորոգված ու կահավորված ճաշարանում:


ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՋՐԱՌԱՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Սա էլ Ջրառատի դպրոցի ճաշարանն է: Նորոգվել է կրթօջախի խնայած միջոցներով: Փոխտնօրենի խոսքով՝ նախկին քարուքանդ ճաշարանն այնպիսի վիճակում էր, որ նույնիսկ կողքով չէին ցանկանում անցնել:

Ջրառատը ևս դուրս չի մնացել հրատապ խնդիրների լուծման ծրագրից:

Այստեղ ևս, ավելի քան 8 մլն դրամով, սանհանգույցներն են նորոգել: Բայց չափազանց վատ վիճակում են 2-րդ և 3-րդ հարկերն ու մարզադահլիճը: Մոտ 30 տարի է՝ երեխաները ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են բակում կամ դասասենյակներում:

Գոհար Մնացականյան (Ջրառատի դպրոցի փոխտնօրեն) - Ուսուցիչները որոշ բաներ մտածել են՝ դասարանում. բայց ինչ բանավոր դաս անես, ինչ իրական ֆիզկուլտուրա՞:

Էդվարդ Հովհաննիսյան - Մենք գույքագրել ենք մարզի խնդրահարույց դպրոցները, ներկայացրել ենք պատկան մարմիններին և միաժամանակ դիտարկում ենք այլ հնարավոր ծրագրերի շրջանակում իրականացնելու հարցը: Մեր բոլոր դպրոցներում պետք է վստահ լինեն, որ առաջիկա տարիներին որևէ ենթակառուցվածքի խնդիր չենք ունենա:

Պետությունն անցած տարի Արմավիրի մարզի 13 դպրոցում կառուցապատման տարբեր աշխատանքների համար ավելի քան 130 մլն դրամ է հատկացրել:

Դրանց մեծ մասն ավարտվել է, որոշ մասի վերջնաժամկետն էլ այս տարի է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում