Սանահին, Վանաձոր, Ստեփանավան, Մարց. Լոռիում 2023-ին կառուցվող ճանապարհները

ՌՌոզա Խաչատրյան

Սանահին վանական համալիր այս տարվանից զբոսաշրջիկները կհասնեն բարեկարգ, առանց փոսերի կամ կարկատանների ճանապարհով: Շինարարի հետ պայմանագիրն արդեն կնքված է, տեխնիկան՝ պատրաստ գործի անցնելու:

Արեն Մկրտչյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ճանապարհն անցնում է Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասով դեպի Սանահինի վանական համալիր և Ակներ գյուղ, երկարությունը շուրջ 10 կմ է, նախագծային արժեքը կազմել է մոտ 2 մլդ դրամ, և տարիներ ի վեր այս բեռը համայնքային բյուջեի համար տանելի չի եղել: Սա արդեն երկրորդ ծրագիրն է Հաղպատի վանական համալիրից հետո, որ Կառավարությունը վրա է հասնում: Նաև ուզում եմ նշել, որ սա ԱԺ-Կառավարություն համագործակցության դասական օրինակ է:

Նախատեսվում է հիմնանորոգել նաև հենապատերը՝ մոտ 10-ը կմ մինչև Ակներ, նաև ջրահեռացման համակարգ անցկացնել, վտանգավոր ժայռահատվածներն են հեռացվելու և տեղադրվելու է ասֆալտի կրկնակի շերտ:

Արեն Մկրտչյան - Հաղպատի օրինակով կարող եմ ասել, որ տուրիստական հոսքը դեպի վանական համալիր, դեպի համայք ավելի ու ավելի է մեծանում, կար ժամանակ, երբ տուրիստական ավտոբուսները հրաժարվում էին բարձրանալ Հաղպատ, այդ ամոթալի օրերը վաղուց անցյալում են: Եվ ուզում եմ նշել, որ փոսալցումների տրամաբանությունից երկիրը դուրս է եկել 2018-ից հետո, այսինքն՝ հիմնանորոգման հսկայածավալ ծրագրեր են իրականացվում:

2023-ը ճանապարհաշինական ծրագրերով Լոռու մարզի համար խոստանում է աննախադեպ լինել:

Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մարց-Աթան կարևոր խոշորածավալ ծրագիրը, որը Մ6-ը կապում է Աթան գյուղին՝ 27.5 կմ, իր 4 գյուղերը միացնող ճանապարհը, հաջորդ կառավարության նիստերից որևիցե մեկում ֆինանսական միջոցներ նույնպես կհատկացնենք:

Ճանապարհներն արագ կառուցելու համար շինարարական 2 ընկերություն կաշխատի՝ առաջինը կկառուցի Մ6-ից մինչև Աթան հատվածը, մյուսը՝ դեպի գյուղեր ճանապարհները:

Արեն Մկրտչյան - Գյուղախումբը մոտ 40 տարի հիմնանորոգված ճանապարհ չունի, խոսքը 6 գյուղի մասին է, որի դեմոգրաֆիական վիճակն ուսումնասիրելիս երևում է, որ 10-15 տարվա ընթացքում բնակչությունը կիսով չափ նվազել է:

Վերջին անգամ 40-50 տարի առաջ են նորոգվել նաև Ստեփանավանի ու Վանաձորի մի շարք փողոցներ: Պետական ծրագրով խնդիրն այս տարի ամբողջությամբ կլուծվի:

Գոռ Ավետիսյան - Ունենք Ստեփանավանում Չարենցի փողոցը, ունենք Կաթնաջուր գնացող մեծ գծեր, բավականին խոշորածավալ աշխատանքներ են, նաև մեծ ծավալի աշխատանքներ ունենք՝ Վանաձորի Դեմիրճյան փողոցը՝ 3.7 կմ՝ իր հարակից փողոցներով:

Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Մոսկովյան փողոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատված են, հիմա մրցութային փուլն է:
 
Ծրագիրը ներառում է նաև մայթերի կառուցում՝ ինժեներական ենթակառուցվածքներով, ճանապարհային կահավորում, գծանշում:

Գոռ Ավետիսյան - Այս տարի, կարծում եմ՝ կմեկնարկենք Վանաձոր-Սպիտակ ճանապարհը, որը շատ խոշորածավալ ծրագիր է, Մ3 միջպետական ճանապարհի այն փոքր հատվածներից մեկն է, որ վերջին 4-5 տարիներին չի հիմնանորոգվել, այդ հատվածը կփորձենք ամբողջությամբ այս տարի հիմնանորոգել:

Հայաստանի ճանապարհաշինության մեջ 2023-ը եզակի է՝ նշում է Ավետիսյանը, աշխատանքները ձմռանը չեն դադարեցվել, փետրվարին 10-ից ավելի շինարարության մեկնարկ է տրվել, նախատեսում են 17 մլրդ դրամի վերաբաշխում կատարել՝ ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում