Շահումյան գյուղի նոր բուժամբուլատորիայի ծառայություններից կօգտվի 5 գյուղի ավելի քան 4000 բնակիչ

ՀՀայկուշ Ասլանյան

Շահումյանցիները վերջին ժամերն են անցկացնում խոնավ և աշխատանքի համար նվազագույն պայմաններ չունեցող ամբուլատորիայում: Տասնամյակներով աշխատել ու պացիենտներին սպասարկել են մեկ սենյակում: Ճիշտ է, տարիների ընթացքում տարածքը մի փոքր ընդլայնվել է, բայց պայմանները դրանից ավելի լավը չեն դարձել: 

Հին ամբուլատորիայի փոխարեն գործելու է նորը, որը համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում է լինելու: Այն նախագծվել, հիմնանորոգվել և կահավորվել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի շնորհիվ:

Առողջության առաջնային պահպանման նոր հասցեն հասանելի կլինի 5 գյուղի ավելի քան 4000 բնակչի. այստեղ առողջական տարբեր խնդիրներով պացիենտներ կսպասարկվեն:

Լևոն Նավասարդյան (Շահումյանի բուժամբուլատորիայի տնօրեն) - Սիրտ-անոթային խնդիրներով հիվանդներ, վահանաձև գեղձի, շաքարային դիաբետի, ստամոքսա-աղիքային տրակտի հետ կապված՝ բոլոր խնդիրներով զբաղվում ենք:

Արման Վալեսյան (ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար) - Աշխատանքները սկսվել են անցած տարի, բաց մրցույթ է հայտարարվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, ունեցել ենք ավելի քան 100 դիմում, ընտրվել է 10-ը, այս տարի 8-ում աշխատանքներն սկսվել են:

Ծրագրերից 2-ը Արմավիրի մարզում է: Նալբանդյանի ամբուլատորիայի համար բժշկական և գրասենյակային գույք են գնել, օդորակիչ տեղադրել: Իսկ Շահումյանում ստեղծել են աշխատանքային բարենպաստ պայմաններ՝ ներդնելով ավելի քան 7 մլն դրամ:

Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Բուժաշխատողների համար ստեղծվել են բարեկարգ պայմաններ, որոնց շնորհիվ ավելի որակյալ ծառայություններ կմատուցեն համայնքի բնակիչներին: Այս նախաձեռնություններն ապահովում են գյուղական բնակավայրերի զարգացումն ու առաջընթացը:

Արգիշտի Մեխակյան (Խոյ համայնքի ղեկավար) - Մեզ տրամադրվել են 10 կվտ-անոց արևային պանելներ, որին միանալու է նաև ամբողջ գյուղի լուսավորության համակարգը, այս շենքի հոսանքը ևս միացված է լինելու այս համակարգին:

Ի տարբերություն հին ամբուլատորիայի՝ նորում սենյակներ են առանձնացրել մեկուսարանի, բժիշկների և քարտադարանի համար: Աշխատանքն արագ և արդյունավետ կազմակերպելու համար միջազգային գործընկերներին են միացել նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու առողջապահության նախարարությունները:

Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Մեր բոլոր համայնքներում նման խնդիրները կարճ ժամանակում լուծվելու են: Մենք չենք ունենալու դպրոցի, մանկապարտեզի, բուժամբուլատորիայի, մշտական խնդիրներ: Ուղղակի մեզ աջակցել է պետք:

Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Կառավարության որոշմամբ 50-ից ավելի բուժհիմնարկներ են վերակառուցվում և վերանորոգվում: Հաջորդ տարի 10 պոլիկլինիկա և 20 բուժամբուլատորիա՝ Կառավարության ծրագրով: Դա կլինի շարունակելի, որի համար պետք է թիմային աշխատանք տարվի:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով ամբուլատորիաների վերանորոգումը կշարունակվի նաև հաջորդ տարի: Տարբեր մարզերում կհիմնանորոգվի առաջնային բուժօգնության ևս 5 կենտրոն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում