Կայացել է «Վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը

ՎՎահե Կոստանդյան

Փարաքար - Էջմիածին մայրուղուց մեկնարկեց ու Էջմիածնի հրապարակում ավարտվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Սա տարվա ընթացքում կազմակերպված հինգ մրցաշարերից վերջինն էր: Դպրոցականներից մեծահասակներ մրցավազքի սիրահարները մասնակցում են տարբեր տարիքային խմբերում: Հատկապես տարեցների համար վազելը, պարզվում է, սկզբունքային է: Շիրակցի 64-ամյա Վարդան Վտոյանն արդեն երկրորդ տարին է մասնակցում «Վարչապետի գավաթ» մրցաշարին: Առողջ ապրելակերպի իր կարգախոսն ունի:

Վարդան Վտոյան (վազորդ- Չես հիվանդանում, ուրիշներին դարդ չես լինում, դու ուրիշներին կարողանում ես օգնել:

1-ին տարիքային խումբը 15-17 տարեկան դպրոցականներն էին, որոնք մրցեցին 2 կիլոմետրանոց վազքուղում: 2-րդ և 3-րդ խմբերի՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ հաղթահարեցին 10 կմ մրցատարածությունը:

Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար- Այս տարի բոլոր տարիքային խմբերից զատ առանձնացրինք նաև գործող մարզիկներ` առանց տարիքային սահմանափակման: Անցած տարվա համեմատ մասնակիցների թիվը ավելացել էր, ընդհանուր առմամբ այս տարի 1394 գրանցված ունենք, ճիշտն ասած` մեկնարկում հնարավոր է` մի 100-150 հոգի պակաս լիներ:

«Վարչապետի գավաթի» մրցանակային ֆոնդը 15 միլիոն դրամ է, սակայն, եթե երեք տարվա կտրվածքով մասնակիցների թիվն ավելանա, չի բացառվում, որ այս մրցաշարը դառնա միջազգային՝ ներգրավելով հովանավորներ՝ նշում է փոխնախարարը: Ի դեպ, թե՛ անցած լողի և թե՛ խճուղավազքի մրցաշարում քիչ չէին արտերկրից մասնակիցները:

Տղամարդ աթլետներից հաղթող ճանաչվեց Երվանդ Մկրտչյանը, կին աթլետներից` Էլլադա Ալավերդյանը: Դպրոցականներից հաղթողներն էին Սիմոն Տոնոյանը և Մարի Սարգսյանը: 36 տարեկանից բարձր կանանց տարիքային խմբում հաղթեցին Լիաննա Հարությունյանը, 41 տարեկանից բարձր տղամարդ մեդալակիրներից առաջին տեղում էր Վարդան Սաղյանը: 18-35 տարեկան կանանց հաղթողը Սառա Ստայցն էր: Ի դեպ, թեև մարզային բաժանում չկար, մրցանակակիրների մեջ աչքի էին ընկնում գյումրեցիները:

Սովորության համաձայն` վարչապետը առաջնահերթ պարգևատրեց մրցավազքի ամենատարեց մասնակիցներին՝ Մանյակ Մարգարյանին և Հակոբ Թութունջյանին: Այնուհետև պարգևներ հանձնեց 18-40 տարեկան տղամարդկանց պայքարում հաղթողներին. առաջին տեղում էր Հարություն Հարությունյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Վարչապետի գավաթ» մրցաշարին ու նշեց, որ ժամանակները սովորական չեն, բայց հնարավոր է նույնիսկ այդ պայմաններում միջոցառումներ իրականացնել: Նիկոլ Փաշինյանը մեր օրերը համեմատեց Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» պատմվածքի նկարագրությունների հետ:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ- Այդ պատմվածքը չնայած գրվել է ուրիշ ժամանակներում և ուրիշ միջավայրում, բայց արդիականությունը չի կորցրել, և Հրանտ Մաթևոսյանի գրած «Մեր վազքը» պատմվածքի խորքը, բովանդակությունը արտահայտում են նաև մեր այսօրվա վազքը, և կարծում եմ` դա մի ստեղծագործություն է, որտեղ ձևակերպված են մեր ցավերը, մեր նպատակները, նաև ձևակերպված է մեր ցանկությունը մեր նպատակին հասնելու: Մեր նպատակը ազատ, հզոր և երջանիկ Հայաստանն է, ինքնիշխան Հայաստանն է, և այդ մեր քայլքի, մեր վազքի ճանապարհին մենք պետք է ի հեճուկս ամեն ինչի լինենք ավելի ու ավելի վճռական: Ժամանակ առ ժամանակ մենք կքայլենք, մենք կվազենք, մենք կանգ կառնենք, բայց մեր ընթացքը որևէ բանով չպիտի կասեցվի ու չի կասեցվելու:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, որոնք իրենց մասնակցությամբ նպաստում են այս մրցաշարին, ու խոստացավ ամեն տարի շտկել «Վարչապետի գավաթ» մրցաշարի բացերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում